Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին հեռացրել են իր սեփական կինոընկերությունից՝ սեռական ոտնձգությունների պատճառով

14:27   9 հոկտեմբերի, 2017

Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին սեռական ոտնձգությունների պատճառով հեռացրել են իր իսկ հիմնած կինոընկերությունից, հայտնում է TMZ-ը։

«Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն», «Սիրահարված Շեքսպիր», «Չիկագո», «Անգլիացի հիվանդը», «Մատանիների տիրակալը» ) ընկերության տնօրենների խորհրդի որոշումով հեռացրել են The Weinstein Company կինոընկերությունից, որը նա հիմնել էր իր եղբոր՝ Բոբի հետ։

«Հարվի Վայնշթեյնի անպարկեշտ վարքագծի մասին նոր տեղեկությունների համատեքստում, տնօրենների խորհուրդը տեղեկացնում է, որ Վայնշթեյնն այդ պահից սկսած հեռացված է»,-ասվում է հայտարարության մեջ։

Մի շարք կանայք, այդ թվում՝ դերասանուհի Էշլի Ջադդը ու The Weinstein Co-ի աշխատակիցները պատմել են, որ իրենց աշխատանքի ընդունելու ժամանակ պրոդյուսերն անվայել վարքագիծ է դրսեւորել։ Վայնշթեյնի փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդի մասին տեղեկությունները կեղծ են։ Սակայն հրապարակումից հետո պրոդյուսերը ներողություն է խնդրել ու արձակուրդ վերցրել։



© NEWS.am STYLE