Անձնական փորձ. Նշային հրաշք պիլինգ՝ Երեւանում

13:39   23 հոկտեմբերի, 2017

Յուրաքանչյուր հայուհի ցանկացած միջամտության պատրաստ է հանուն հարթ, մաքուր եւ խնամված մաշկի, ինչպիսին է նորաձեւ հանդեսների շապիկի աղջիկներինը: Կոսմետոլոգների մեծ մասը պնդում է, որ դեմքի բազմաթիվ խնդիրներից ազատվելու լավագույն միջոցը քիմիական պիլինգն է: Անձամբ ես փորձել եմ նշային պիլինգը, որն առաջին անգամից դրական է ազդել իմ մաշկի վրա՝ դեմքիս գույնը հավասարվեց, առողջ փայլ հայտնվեց, ծակոտիները պակաս նկատելի դարձան:

Երեւանյան սրահներում ասպիսի միջամտությունն արժե մոտ 5 հազարից 15 հազար դրամ: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ է այս պիլինգն իրենից ներկայացնում: Միջամտության հիմքում օգտագործվում է նշաթթու, որը, բնականաբար, կաղինից են ստանում:

Նշային պիլինգը մաքրում է մաշկածածկույթը եւ հալեցնում է մաշկի եղջերացած հատվածները՝ դրանով մաշկի կառուցվածքը երիտասարդացնելով, մաքրելով եւ բարելավելով: Այս պիլինգի եւս մեկ առավելությունը միջամտությունից հետո ալերգիկ ռեակցիաների եւ պիգմենտացիաի նվազագույն հավանականությունն է:

Կոսմետոլոգը նախազգուշացրեց, որ մաքրումից հետո կարող է մաշկը թեթեւակի թեփոտվել եւ չորանալ: Հարկ է նշել, որ իմ դեպքում դա տեղի չունեցավ:

Հենց այս պատճառով են նշային պիլինգը ամենաանվնաս մեթոդը համարում:

Կոսմետոլոգը կհրաժարվի միջամտությունը կատարել, եթե ունեք հերպես կամ հղի եք, մաշկի վրա կտրվածքներ, քերծվածքներ եւ թարախային գոյացություններ կան:

Միջամտությունն անցկացնելուց առաջ մասնագետը 10 տոկոսանոց նշշաթթվի պարունակությամբ տոնիկով մաշկը խնամքով մաքրում է դիմահարդարումից եւ աղտոտվածությունից:

Այնուհետեւ անցկացնում է նախնական պիլինգ, որպեսզի պարզի՝ արդյոք ալերգիա ունեք, թե ոչ, եւ միայն դրանից հետո է քսում 30 տոկոսանոց նշաթթուն: Ի դեպ, թթվի հետեւանքով ծակծկոցների ու այրոցի զգացումը շատ թեթեւակի էր:

Պիլինգից հետո մաշկը հանգստացնում է սպիրուլինով պլաստիկացնող դիմակով՝ խթանելով բջջային վերականգնումը: Վերջում քսում է տոնուսավորող կրեմ: Միջամտությունը միջինում 30-40 րոպե է տեւում:

Մաշկիս կարմրությունը նվազագույն էր, ես կասեի, հակառակը՝ այն սպիտակել էր: Հաջորդ օրը մաշկս առողջ եւ խնամված տեսք ուներ, ծակոտիները նեղացել էին:

Ցանկալի է՝ պիլինգից հետո մաշկն ինտենսիվորեն խոնավացնել, իսկ փողոց դուրս գալիս արեւապաշտպան կրեմ օգտագործել, առնվազն՝ 35 SPF:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE