Ազատվում ենք ցելյուլիտից երեւանյան ձեւով. ձեռքով մերսում

14:05   24 հոկտեմբերի, 2017

Անտանելի է հետույքի եւ ոտքերի փոս ընկած եւ լխկած մաշկը, որ անկախ քաշից ու տարիքից հանդիպում է գեղեցիկ սեռի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի մոտ:

Նորաձեւ ամսագրերում մեզ տարատեսակ քսուքներ, գելեր, պիլինգներ եւ սննդակարգեր են առաջարկում: Սակայն «նարնջի կեղեւից» ազատվելու ամենաարդյունավետ միջոցը հակացելյուլիտային պրոֆեսիոնալ մերսումն է: Մենք որոշեցինք պարզել, թե Երեւանի կոսմետոլոգիական կլինիկաներում մերսման ինչպիսի ձեւեր կան եւ դրանցից որոնք են ամենաարագ արդյունքն ապահովում:

Սկսենք ամենատարածված մեթոդից՝ ձեռքով մերսում: Նման մերսման արժեքը մոտ 15 հազար դրամ է, իսկ սեանսի տեւողությունը 40 րոպե է:

Ձեռքով մերսումը կատարվում է առանց որեւէ հարմարանքի եւ սարքերի:

Արագ էֆեկտ ստանալու համար մասնագետն օգտագործում է զանազան եթերային յուղեր, սքրաբներ եւ լոսյոններ, որոնք խթանում են նյութափոխանակությունը: Մերսումը սկսում եւ ավարտում են մարմնի վրա թեթեւ շարժումներով՝ դրանով լավացնելով արյան շրջանառությունը:

Այնուհետեւ մերսում են ներքեւի հատվածների մաշկը կամ կատարում են շրջանաձեւ շարժումներ, ինչը նպաստում է մաշկի տոնուսի բարձրացմանը եւ նվազեցնում ենթամաշկային ճարպի հաստությունը:

Այնուհետեւ անհրաժեշտ կլինի դիմանալ տարբեր ինտենսիվության բռնցքահարվածներին եւ ձեռքերով մաշկը խորությամբ բռնելուն, որը խթանում է արյան հոսքը: Ուշադրություն դարձրեք՝ այս մերսումը թուլացնող չէ, եւ սա նշանակում է, որ ձեր հետույքը «կայրվի» կարմիր բոցով ու գութ կհայցի:

Երբեմն նույնիսկ կարող են կապտուկներ եւ կարմրություններ առաջանալ: Մասնագետն է կուրսը նշանակում՝ կախված խնդրի արտահայտվածությունից: Ավելի կայուն արդյունքի հասնելու համար միջինում 10 սեանս է կատարվում՝ օրումեջ:

Ինչպես բոլոր միջամտությունները, ձեռքով մերսումը եւս հակացուցումներ ունի, եթե ինֆեկցիոն հիվանդությամբ եք տառապում, վերքեր, կտրվածքներ, երակների վարիկոզ լայնացումներ, հոգեկան խանգարումներ կան եւ հղի եք:  

Անհրաժեշտ է մեկ պարզ ճշմարտություն հիշել:

Ցելյուլիտի դեմ պայքարում հարկավոր է գործի դնել ամբողջ ծանր հրետանին. մերսման կաբինետ այցելելուն զուգահեռ՝ պետք է սպորտով զբաղվել, հետեւել սննդակարգին եւ մոռանալ սիրելի տապակած կարտոֆիլի ու կոլայով բուրգերների մասին:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE