Ազատվում ենք ցելյուլիտից. մեղրով մերսում՝ Երեւանում

14:36   28 հոկտեմբերի, 2017

Մենք արդեն ներկայացրել ենք ցելյուլիտի դեմ մերսման դասական մեթոդը, որը համարում ենք խնդրի վերացման ամենաարդյունավետ միջոցը: Սակայն ամենեւին ոչ միակը: Այս պատճառով այսօրվա հրապարակմանը կներկայացնենք մեղրով մերսումը:

Այս միջամտությունը ձեզանից 40 րոպե կխլի, որի համար կվճարեք 10-ից մինչեւ 15 հազար դրամ: Սակայն մեղրային մերսումից ստիպված կլինեք հրաժարվել, եթե տառապում եք ալերգիայով, դիաբետով, ասթմայով, ինֆեկցիոն եւ ուռուցքային հիվանդություններով, ինչպես նաեւ թրոմբով: Այսպիսի մերսման դիմելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հակացելյուլիտային մեղրային մերսումը բուժական եւ օգտակար հատկությունների ընդարձակ տիրույթ ունի: Մաշկածածկույթի խորքերը թափանցելով՝ մեղրն օգնում է օրգանիզմից դուրս բերել բոլոր վնասակար նյութերն ու տոքսինները, որոնք 20 րոպե տեւողությամբ մերսումից հետո դուրս են գալիս դեղնակեղտոտ փաթիլների տեսքով: Մեղրը ենթամաշկային խորը շերտերում արյան շրջանառության բարելավման ընթացքում հրաշալի սնուցում է ներքին օրգանները եւ հյուսվածքները: Այն նաեւ նպաստում է քաշի նվազմանը, մաշկի վիճակի լավացմանը եւ պայքարում է լայնացումների դեմ: Մեղրային մերսումը շատ արդյունավետ է առաջին եւ երկրորդ աստիճանի ցելյուլիտի դեպքում:

Մասնագետն ափին է դնում մեղրի ոչ մեծ քանակություն, այնուհետեւ շփման միջոցով մշակում է խնդրահարույց գոտիները: Դրանից հետո մերսման եւ ափով թեթեւ հարվածելու շարժումներով անցկացնում է միջամտության հաջորդ փուլը:

Մեղրի մի մասը ներծծվում է մաշկի մեջ, իսկ մնացած մասն ափին է մնում: Շարժումներն աստիճանաբար դառնում են ավելի ինտենսիվ եւ կտրուկ, ինչն ուղեկցվում է թեթեւակի ծակոցներով: Մերսման տեխնիկայի թափը երբեմն կփոխվի՝ ինտենսիվ ազդեցությունից դեպի նվազում եւ հակառակը:

Առաջին սեանսների ժամանակ ցավի զգացողությունը բավականին ուժգին է, սակայն հետո թուլանում է: Մերսումն ավարտվում է խոնավացված սպունգով խառնուրդի մնացորդի հեռացմամբ, որից հետո կրեմ կամ յուղ է քսվում, եւ դուք 15-20 րոպե պառկում եք փափուկ սրբիչով ծածկված: Մերսումից հետո մեծ է կապտուկների կամ կարմրությունների երեւան գալու հավանականությունը:

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս միջամտությունը կատարել մի քանի օր միջակայքով, որպեսզի օրգանիզմն այս սթրեսին ընտելանա: Անհրաժեշտ է լիարժեք կուրս անցնել՝ 10-12 սեանսից կազմված, իսկ ավելի մեծ արդյունավետություն ապահովելու համար կարելի է մեղրային մերսումը զուգակցել հակացելյուլիտային այլ միջամտությունների հետ, որոնք կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE