Շարկոյի ցնցուղ՝ ատելի ցելյուլիտից ազատվելու եւս մեկ մեթոդ

14:09   1 նոյեմբերի, 2017

Շարունակում ենք ցելյուլիտի դեմ պայքարը: Շարկոյի ցնցուղը ատելի ցելյուլիտից ազատվելու եւս մեկ մեթոդ է: Այն իրենից ներկայացնում է ջրի շիթով մերսում:

Եթե մի քանի տարի առաջ այս միջամտությունն ավելի շատ բուժական էր համարվում, ապա հիմա այն օգտագործվում է որպես մարմնի շտկման միջոց:

Ի դեպ, այս մերսման գինը հաստատապես ձեր բյուջեին չի հարվածի՝ 20 րոպեն արժե ընդամենը 5 հազար դրամ:
Շարկոյի ցնցուղը նպաստում է մետաբոլիզմի պրոցեսի արագացմանն ու բարելավմանը եւ սնուցում մաշկի բջիջները:
Մարմինը մերսվում է ջրի շիթի հարվածներով, որի ջերմաստիճանն ու ճնշումը փոփոխվում են՝ բարձրացնելով մաշկի տոնուսը եւ «ոչնչացնելով» ավելորդ ճարպային շերտերը: Միջամտությունը հետեւյալ կերպ է կատարվում՝ կանգնում եք պատի մոտ եւ բռնատեղերից բռնվում, իսկ մասնագետը շիթը ձեր մարմնի տարբեր հատվածների վրա է ուղղում մերսման գործողություններով:

Ջրի ջերմաստիճանը կարող է հասնել 12-ից մինչեւ 40-ի, այս տարբերության շնորհիվ արյունը լցվում է բոլոր օրգանները՝ լավացնելով հոդերի աշխատանքը, ինչպես նաեւ օրգանիզմից դուրս է բերում բոլոր վնասակար նյութերն ու տոքսինները: Եթե ջրի ճնշումը բարձրացվում է, ապա ջերմաստիճանը նվազեցվում է, եւ հակառակը:

Միջամտությունը բավականին ցավոտ է եւ հաճախ մաշկի վրա կապտուկներ է թողնում, ուստի եթե պատրաստվում եք արձակուրդը ծովում անցկացնել, ապա այս մերսումից հրաժարվեք:

Բացի նիհարելուց եւ ցելյուլիտից ազատվելուց, Շարկոյի ցնցուղը խորհուրդ է տրվում նյարդային համակարգի խնդիրների առակայության, քրոնիկական հոգնածության, դեպրեսիայի դեպքերում եւ նրանց, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում: Սակայն ուշադիր եղեք: Միջամտությունը մեծ թվով սահմանափակումներ ունի: Շարկոյի ցնցուղ չի կարելի ընդունել հղիության, վարիկոզային եւ սիրտ-անոթային հիվանդությունների, ուռուցքների, մաշկի ախտահարումների, էկզեմայի, տուբերկուլյոզի, երիկամների հիվանդությունների եւ խոցի դեպքում:

Մասնագետը հիմնականում 10 սեանս է նշանակում, ինչն արդյունք ստանալու համար միանգամայն բավարար է, սակայն կուրսերի միջեւ ընդհատումը պետք է 6 ամիս կազմի:

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE