Հայուհիներն ընդդեմ ցելյուլիտի. հիդրոմերսում

14:04   4 նոյեմբերի, 2017

Ցելյուլիտի դեմ «պատերազմում» բոլոր միջոցներն էլ լավն են, ուստի ներկայացնենք հիդրոմերսումը, որը երաշխավորում է մաշկի վիճակի բարելավումը:

Սա, հավանաբար, ցելյուլիտի դեմ ամենահաճելի միջոցներից մեկն է: Դուք խորասուզվում եք հատուկ փողրակներով ջակուզիի մեջ, որոնք ջրի շիթով շրջանաձեւ եւ շոյող շարժումներով շտկում են խնդրահարույց գոտիները:
Հիդրոմերսումն արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում արյան շրջանառությունը եւ մաշկին տոնուս հաղորդում՝ այն հարթեցնելով ու փափկեցնելով: Միջամտությունն օգնում է մաշկը մաքրել աղտոտվածությունից եւ մեռուկացած բջիջներից: Դրանից զատ, հիդրոմերսումը վերացնում է տարիքային մանր կնճիռները:
Ջուրը կարող է պարունակել հանքային հավելումներ կամ աղ, որոնք արդյունավետ են ցելյուլիտի դեմ պայքարում: Միջամտությունը ցավոտ չի անցնում, քանի որ ջուրը զգայունությունը բթացնում է: Մերսման գնալիս անպայման լողազգեստ վերցրեք:

Ինչպես բոլոր միջամտությունները, հիդրոմերսումը եւս հակացուցումներ ունի. երակների վարիկոզ լայնացմամբ, սիրտ-անոթային եւ ինֆեկցիոն հիվանդություններով, մաշկային ախտահարումներով եւ անոթների դյուրաբեկությամբ մարդիկ ավելի լավ է մերսման այս տեսակից ձեռնպահ մնան:

Ցանկացած դեպքում կարեւոր է պարբերականությունը պահպանելը եւ գոնե 10 սեանս անցնելը: Հիդրոմիջամտության 30 րոպեն արժե 8 հազար դրամ: Դրա փոխարեն՝ մերսումից հետո թուլություն կզգաք, որը սահուն անցում է կատարում մարմնի եւ հոգու եռանդունության եւ առույգության:

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE