Հայուհիներն ընդդեմ ցելյուլիտի. ջրիմուռներով մերսում

14:33   9 նոյեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել չարաբաստիկ ցելյուլիտի դեմ պայքարի բոլոր ձեւերը: Արդեն ուսումնասիրել ենք մի քանի տարբերակներ՝ դասականից մինչեւ հիդրոմերսում, այժմ թեման կշարունակենք:

Այսօր կներկայացնենք ջրիմուռներով հակացելյուլիտային փաթաթումը եւ մարդու առողջության ու գեղեցկության համար դրա օգտակար հատկությունները: Ջրիմուռներով մերսումը տեւում է շուրջ 60 րոպե եւ արժե 15 հազար դրամ:

ՍՊԱ գործողության այս տեսակն արդյունավետ է ազդում ճարպի ավելցուկի վրա, բարելավում արյան շրջանառությունը, կարգավորում նյարդային եւ էնդոկրին համակարգերը: Մի խոսքով՝ վերացնում է ցելյուլիտի առաջացման պատճառները:

Բացի այդ՝ ջրիմուռներն օրգանիզմից դուրս են բերում կուտակված հեղուկը, թունավոր եւ վնասակար նյութերը, որոնք կործանարար ազդեցություն ունեն առողջական ընդհանուր վիճակի վրա: Ծովային բույսերը նաեւ մաշկը հրաշալի սնուցում եւ խոնավացնում են, իսկ օրգանիզմը սնուցում են A, C, D վիտամիններով եւ Օմեգա-3 դասի թթուներով:

Ծովային ջրիմուռներով փաթաթման 2 տեսակ կա՝ տաք եւ սառը: Տաք փաթաթումն ակտիվացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է ճարպերի քայքայմանը: Իսկ սառը մեթոդը տեղային է օգտագործվում, ինչը թույլ է տալիս վերացնել այտուցը եւ հոգնածության զգացումը:

Հաճախ օգտագործում են կոնտրաստային փաթաթումը՝ կոմպրեսի ձեւով տաք ջրիմուռները համակցելով սառը տեսակին: Սա կատարելապես համապատասխանում է ցելյուլիտի բուժմանը:

Սովորաբար նկատելի արդյունքի կարելի է հասնել լիարժեք կուրսի դեպքում: Մեկ կուրսը կազմված է 8-10 գործողությունից:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE