«Ցավոտ դաս». Ջոն Մալկովիչն այցելեց Ծիծեռնակաբերդ (ֆոտո/վիդեո)

12:31   10 հոկտեմբերի, 2017

«Ցավոտ դաս»,- Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցից հետո թանգարանի հուշամատյանում գրեց հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը։

Այսօր նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Լրագրողների հետ զրույցում հայտնի դերասանը նշեց, որ ցնցված է այն ամենից, ինչ լսեց այսօր.

«Սա ցավոտ դաս էր, սարսափելի պատմություն, թե բացառապես ինչ հիմար պատճառներով մարդիկ կարող են նման արարքներ անել»,-ասաց Մալկովիչը՝ չկարողանալով առանձնացնել թանգարանի մի հատված, որն իրեն ամենից շատ է հուզել.

«Ամեն ինչ շատ հուզիչ էր, չեմ կարող առանձնացնել որեւէ բան»,-նշեց նա։

Նշենք, որ Ջոն Մալկովիչը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը նախանշված է հոկտեմբերի 11-ին։

Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութը՝ Արթուր Ղահրամանյանի



© NEWS.am STYLE