Խորհրդավոր հյուրը՝ Հոլիվուդից. 10 հետաքրքիր փաստ Ջոն Մալկովիչի մասին

17:03   10 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչն այս օրերին Երեւանում է: Լեգենդար դերասանը Հայաստան է ժամանել մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնին, որի բացումը տեղի է ունենալու վաղը՝ հոկտեմբերի 11-ին: Հոլիվուդյան դերասանը Երեւանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի հրավերով: Մալկովիչը հայ հանդիսատեսին է ներկայացնելու հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից:

Դերասանը Հայաստանում հանդես է եկել մամուլի ասուլիսով, իսկ այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակն ու եղել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ Ջոն Մալկովիչի մասին, որն այս օրերին հայերից շատերի ուշադրության կենտրոնում է.

Մի անգամ նա մի ծեր մարդու կյանք է փրկել

2013 թ-ին՝ Տորոնտոյի փողոցներից մեկում զբոսնելիս Մալկովիչը մի 77-ամյա ծերունու է նկատում գետնին ընկած: Նա ընկել էր երկաթի կտորի վրա եւ պատռել կոկորդը: Դերասանն անմիջապես փորձել է կանխել արյունահոսությունն ու ասել է տղամարդուն. «Ուշադիր ինձ լսիր, ես Ջոնն եմ, եւ քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու»:

Նա դանակով փորձել է վախեցնել իրեն հետապնդողին

Այս պատմությունը մի փոքր տարօրինակ է իրական լինելու համար, սակայն անձամբ դերասանն է այն հաստատել: Մի անգամ Կենտրոնական զբոսայգու շրջակայքում զբոսնելիս նա նկատել է, որ ինչ-որ մեկն իրեն հետապնդում է: Դա վախեցրել է դերասանին: Նա շտապել է տուն, կերպարանափոխվել է, այնուհետեւ դանակը ձեռքին նորից գնացել է զբոսայգի, որպեսզի վախեցնի իրեն հետապնդողին:

Նա նկարահանվել է մի ֆիլմում, որը մեզանից ոչ-ոք չի տեսնի

Մալկովիչը գրել եւ նկարահանվել է մի ֆիլմում, որը կոչվում է «100 տարի»: Ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի՝ 2015 թ-ին նկարահանված այս ֆիլմը ներկայացնում է ապագայի երեք տարբեր դրսեւորումները: Հետաքրքրե՞ց. իզուր մի տանջվեք, այս ֆիլմը մեզանից ոչ-ոք էլ չի տեսնի, քանի որ դերասանը նախատեսել է, որ այն պետք է էկրաններին հայտնվի 2115 թ-ին՝ նկարահանումից 100 տարի հետո:

Նա «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմի փոխարեն առաջարկել է մեկ ուրիշ հայտնի դերասանի անուն-ազգանուն

Երբ Մալկովիչին առաջարկել են նկարահանվել «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմում, նա սցենարիստներին խնդրել է փոխել ֆիլմի անունը եւ դարձնել «Լինել Թոմ Քրուզ»: Դերասանն այս որոշումը բացատրել է նրանով, որ իրեն անհանգստացնում էր այն փաստը, որ իր անուն-ազգանունը ոչ թե ֆիլմի տիտրերում է լինելու, այլ հենց վերնագրում:

«Դա ինքնասիրահարվածության է նման»,-ասել է Մալկովիչը: Սակայն ռեժիսորի եւ սցենարիստների պնդմամբ՝ նա, ի վերջո, համաձայնվել է նկարահանվել ֆիլմում:

Նա չի ցանկացել նկարահանվել «Սարդ մարդը»/Spider-Man ֆիլմում

2002 թ-ին «Սարդ մարդը» ֆիլմում նկարահանման հրավեր է ստացել նաեւ Ջոն Մալկովիչը, որին առաջարկել էին խաղալ Green Goblin-ի դերը: Սակայն դերասանը մերժել է ֆիլմում նկարահանվելու առաջարկը:

Նա դպրոցական ավտոբուսի վարորդ է աշխատել

Մինչ դերասանությամբ զբաղվելը՝ Մալկովիչը տարբեր աշխատանքներ է կատարել, օրինակ՝ դպրոցներից մեկում ավտոբուսի վարորդ է աշխատել: TODAY պարբերականին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ հաճույք էր ստանում երեխաների հետ շփվելուց, իսկ լրագրողի նկատառումին, որ դերասանը հրաշալի վարորդ կլիներ, Մալկովիչը պատասխանել է.

«Չեմ կարծում՝ աշակերտները կհամաձայնվեին Ձեզ հետ»:

Նա սիրում է կարուձեւով զբաղվել

Դերասանը սիրում է կարուձեւը: Մալկովիչն իր այս զբաղմունքով վարակել է նաեւ ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին՝ «Փակ երկնքի ներքո» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Նա հագուստի հավաքածու ունի

Մալկովիչը քոլեջում սովորել է հագուստի մոդելավորում, ինչի շնորհիվ կարողացել է թողարկել տղամարդկանց հագուստի հավաքածու, որտեղ ընդգրկված են տարբեր պարագաներ, այդ թվում՝ շարֆեր:

Նա խուսափում է Նյու Յորքից եւ Լոս Անջելեսից

Դժվար է մտաբերել մի համաշխարհային աստղի, որը չի բնակվում Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում: Սակայն Մալկովիչը նախընտրում է չլինել այս երկու քաղաքներում, քանի որ խուսափում է հանրային ուշադրությունից: Դերասանը նախընտրում է հանգիստ կյանքը, այդ պատճառով էլ երկար տարիներ բնակվում էր Ֆրանսիայում, իսկ այսօր իր մենությունն է վայելում Քեմբրիջում:

Նա տանել չի կարողանում սեփական ձայնը

Այո, տարօրինակ է, քանի որ շատերը նրան համակրում են հենց հանգստություն ու խաղաղություն փոխանցող այդ ձայնային տեմբրի շնորհիվ: Սակայն ինքը՝ դերասանը, հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ տանել չի կարողանում իր ձայնը, եւ այն նմանեցնում է երկար տարիներ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մեկի ձայնին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Աղբյուրը՝ Ranker.com



© NEWS.am STYLE