Հարվի Վայնշթեյնի կինը հեռացել է պրոդյուսերից սեքս սկանդալի պատճառով

11:36   11 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդում հերթական սկանդալն է բորբոքվել։ Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն» «Սիրահարված Շեքսպիր», «Անգլիական հիվանդ», «Մատանիների տիրակալը», «Չիկագո») օրերս հեռացրել են հենց նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։

Մի շարք կանայք, այդ թվում դերասանուհի Էշլի Ջադդն ու The Weinstein Co-ի աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի ընդունելու ժամանակ պրոդյուսերի անվայել վարքագծի մասին։

Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Իսկ հիմա այս սկանդալի ֆոնին ամերիկացի կինոպրոդյուսերից հեռանում է նրա կինը՝ ոճաբան Ջարջինա Չափմանը։

«Իմ սիրտը կոտրված է այն բոլոր կանանց պատճառով, որոնք տառապել են այդ բոլոր անվայել գործողությունների պատճառով։ Ես որոշել եմ հեռանալ ամուսնուցս։ Իմ փոքր երեխաներն ինձ համար առաջնայնություն են, ու ես լրատվամիջոցներին խնդրում եմ, որ այս ընթացքում հարգեն մեր մասնավոր կյանքի իրավունքը»,- մեջբերել է People -ը Հարվիի կնոջ խոսքը։

Վայնշթեյնն ու Չափմանն ամուսնացել են 2007-ին։ Նրանք երկու երեխա ունեն, յոթ եւ չորս տարեկան։



© NEWS.am STYLE