Անձնական փորձ. Մաշկի ալմաստային դերմաբրազիա

15:30   13 նոյեմբերի, 2017

Անհարթություններ, սպիներ, կնճիռներ, պիգմենտային բծեր... Մաշկը մշտապես սթրեսի է ենթարկվում, որը տեսանելի է դառնում: Յուրաքանչյուր կնոջ ցանկությունն է, որ իր մաշկը հարթ եւ հավասար, գեղեցիկ եւ առողջ լինի: Գոյություն ունեն մեծ թվով գործողություններ, որոնք ինչ-որ չափով օգնում են խնդրի հաղթահարմանը: Մաշկը պետք է «բաց եւ պայծառ» լինի, այլ ոչ ծածկված երանգային քսուքի յուղոտ շերտով:

Հանուն կատարյալ մաշկի անձամբ փորձարկած միջոցներից մեկը ալմաստային դերմաբրազիան է (մաշկի հղկում): Սա դեմքի ամենախնայող հղկումն է: Գործողությունն ընդհանուր տեւում է մոտ 70 րոպե, իսկ դրամական համարժեքն է 13 հազար դրամ:

Դերմաբրազիան կատարվում է վակուումային ներծծման ալմաստե գլխադիրով  սարքով: Հղկող մասնիկները թեփոտում են մաշկի եղջերացած շերտը՝ այն հավասարեցնելով եւ ազատելով կուտակված «աղբից»:

Հղկումը սկսելուց առաջ բժիշկ-կոսմետոլոգը դեմքը մաքրում է կոսմետիկայից եւ աղոտոտվածությունից՝ այն պատրաստելով բուն գործողությանը: Ի դեպ, միչեւ կլինիկա այցելելը տեղեկացել էի, որ գործողությունն անչափ ցավոտ ու տհաճ է եւ լիովին ապաքինվելու համար մի քանի օր է պահանջում: Մինչդեռ հղկման ժամանակ ցավի ոչ մի զգացողություն, նույնիսկ անհարմարավետություն չունեցա: Տեղային անզգայացման կարիք եւս չեք ունենա, ինչպես հայտարարում են մի շարք ֆորումներում: Սա սովորական գործողություն է, որ ավելի շատ դեմքի մերսում է հիշեցնում: Անհարթությունները շտկելուց հետո մաշկի առանձնահատկությանը համապատասխանող դիմակ է դրվում՝ խոնավացնող կամ սնուցող: Ինձ ամենից շատ ուրախացրեց այն փաստը, որ գործողությունը մաշկի վրա ոչ մի հետք չէր թողել՝ ո՛չ կարմրության, ո՛չ այտուցի: Վստահեցնում եմ կոսմետոլոգի կաբինետը լքելով՝ կարելի է առանց կասկածի եւ երկյուղի նշույլի մարդկանց ներկայանալ՝ արտաքին տեսքի համար չմտահոգվելով: Հաջորդ օրը ձեզ չի անհանգստացնի մաշկի ձգվածությունն ու թեփոտելը:

Գործողությունը կարելի է կատարել նաեւ մեկանգամյա կուրսով, բայց այս դեպքում այն պետք է կատարել յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ: Իհարկե, խորը սպիների եւ անհարթությունների դեպքում ալմաստային դերմաբրազիան արդյունավետ չի լինի:

Հղկումից հետո ցանկալի է մաշկը պիգմենտացիայից պաշտպանելու համար օգտագործել SPF-30-ով արեւապաշտպան քսուքներ:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE