Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնը (ֆոտո/վիդեո)

21:35   11 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչի ելույթով ազդարարվեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառտոնի բացումը։ Հոլիվուդյան լենգենդը Երեւան է ժամանել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի հրավերով։

Դերասանը հայ հանդիսատեսին ներկայացրեց հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից։ Դերասանը նաեւ անակնկալ մատուցեց հանդիսատեսին`
արտասանելով Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից մի հատված:

«Թերահավատորեն եմ մոտենում, երբ հարցնում են, թե ինչն է տվյալ ստեղծագործության գաղափարը։ Կարծում եմ՝ սա ամուսնություն է տեքստի եւ երաժշտության միջեւ։ Դա շատ հետաքրքիր գործընթաց է՝ հետեւել, թե ինչպես է տեքստը միաձուլվում երաժշտության հետ։ Տեքստն ու երաժշտությունը միմյանց ձուլելը բավականին դժվար գործընթաց է։ Կարծում եմ՝ աշխարհում հետաքրքրություն է վայելում արվեստի այս տեսակը»,-ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իր աշխատանքն այսպես էր բնութագրել դերասանը։

Արամ Խաչատրյանի անվան փառատոնը կտեւի մինչեւ դեկտեմբերի 11-ը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Երաժշտական տոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերով՝ մշակույթի նախարարության եւ «Արամ Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE