Նոր անուն՝ հայկական շոու-բիզնեսում. Սոֆյա Ղուլյանը բացահայտում է, թե ով է Գոշը

14:05   12 հոկտեմբերի, 2017

Պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանն այս շրջանում նորություններ ունի, ինչի մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նա համագործակցում է նոր երիտասարդ երգչի հետ, ինչի արդյունքում շուտով հայկական շոու-բիզնեսում կհայտնվի նոր անուն ու նոր կերպար: Գոշ՝ այսպիսին է հայկական շոու-բիզնեսի նոր անունը, որին շատ շուտով հեռուստադիտողը կտեսնի ոչ միայն որպես երգիչ, այլեւ դերասան: 20-ամյա երիտասարդը մասնակցություն է ունեցել ամենահայտնի սիթքոմներից մեկի նկարահանումներին: Սոֆյա Ղուլյանն առայժմ չի ցանկանում շատ մանրամասներ բացահայտել երգչի մասին, սակայն NEWS.am STYLE-ի հետ զրույցում, այնուամենայիվ, որոշ բացահայտումներ արեց.

«Գոշի հետ սկսեցինք աշխատել մոտ մեկ ամիս առաջ: Հիմա աշխատում ենք նրա տեսահոլովակի վրա: Հրաշալի երգ ենք գտել, որը, համոզված ենք, հիթ է դառնալու, քանի որ այն հեղինակել են Ռիչարդ Մադլենյանն ու Գրիգոր Կյոկչյանը, որոնք շատ հիթեր են ստեղծել: Ես նրանց վստահում եմ, եւ համոզված եմ՝ այս երգն էլ է դառնալու հիթ: Ի դեպ, որպես գաղտնիք նշեմ՝ այն կոչվում է «Գինին ու կինը»»,-ասում է Սոֆյան:

Հարցին, թե ինչով է երիտասարդ կատարողը գրավել իրեն, պրոդյուսերը պատասխանեց.

«Գոշը բացի հմայիչ արտաքին եւ հետաքրքիր կերպար ունենալուց՝ շատ կիրթ երիտասարդ է: Ինձ որպես պրոդյուսեր՝ շատ գրավեցին իր մեջ հենց այդ հատկանիշները: Նա երգելու է փոփ եւ էստրադային ժանրերում, ինչը շատ արդիական է մեր օրերում: Նոյեմբերին արդեն եթերում կլինի նրա տեսահոլովակը:

Ի դեպ, նույն ամսում Գոշին հեռուստադիտողը կտեսնի նաեւ «Ֆուլ Հաուս» սիրված նախագծում»,-նշեց Սոֆյան՝ հավելելով, որ երիտասարդ երգչին կտեսնենք եւս մեկ նախագծում, սակայն դեռեւս չցանկացավ հայտնել այլ մանրամասներ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սոֆյա Ղուլյանը



© NEWS.am STYLE