Անջելինա Ջոլին Հարվի Վայնշթեյնի կողմից սեռական ոտնձգությունների մասին հայտնելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

16:20   12 հոկտեմբերի, 2017

Լոս Անջելեսում երեկ կայացել է Faces Places («Դեմքեր, գյուղեր») ֆիլմի պրեմիերան՝ 2017 թ․ թողարկված ֆրանսիական վավերագրական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Անյես Վարդան ու նկարիչ-լուսանկարիչ JR-ը։

Պրեմիերային ներկա էր նաեւ Անջելինա Ջոլին, որն ի դեպ, զարդարելու է Harper’s Bazaar ամսագրի նոյեմբերյան համարի շապիկն ու էջերը։ Էնջին լուսանկարվել է 89-ամյա Անյեսի ու 34-ամյա JR-ի հետ։

Ջենիֆեր Լոուրենսը նույնպես ներկա էր պրեմիերային։

Էնջին առաջին անգամ էր ներկայանում հանրությանը այն բանից հետո, երբ պատմել էր, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը նրա նկատմամբ էլ է անպարկեշտ վարքագիծ դրսեւորել։

42-ամյա Անջելինա Ջոլին Վայնշթեյնի հետ տհաճ շփում է ունեցել «Սիրո հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ջոլիի խոսքով՝ Վայնշթեյնը գործնական հանդիպումներից մեկը նշանակել էր հյուրանոցի համարում, որտեղ նրան առաջարկել էր տեղափոխվել ննջարան։

«Ես պատանեկության տարիներին Հարվի Վայնշթեյնի հետ բացասական շփման փորձ եմ ունեցել։ Այդ իսկ պատճառով ես որոշել էի այլեւս երբեք չաշխատել նրա հետ ու մյուսներին էլ նախազգուշացնել այդ մասին։ Կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը ցանկացած ոլորտում ու ցանկացած երկրում անընդունելի է»,- ասել է լրագրողներին Ջոլին։



Աղբյուրը ՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, Backgrid



© NEWS.am STYLE