Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնը ցանկացել է ինքնասպան լինել

18:07   12 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդը վրդովված է հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անպարկեշտ վարքագծի կապակցությամբ։ Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն» «Սիրահարված Շեքսպիր», «Անգլիական հիվանդ», «Մատանիների տիրակալը», «Չիկագո») օրերս հեռացրել են նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։


 Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Այդ սկանդալի ֆոնին պրոդյուսերից հեռացել է նրա կինը՝ ոճաբան Ջորջինա Չափմանը։
Հարվին ինքը շտապ մեկնել է ԱՄՆ-ից։ Որոշ ժամանակ նրան չեն կարողացել գտնել, սակայն ինսայդերները հայտնել են, որ Հարվին Եվրոպա է մեկնել՝ ռեաբիլիտացիոն կլինիկաներից մեկում սեքս կախումից բուժվելու նպատակով։


Այսօր 65-ամյա Հարվի Վայնշթեյնը Լոս Անջելեսում իր դստեր՝ Լիլիի տնից հեռանալիս մոտեցել է պապարացիներին, որոնք լրտեսում էին նրան ու ասել, որ ինքն օգնության կարիք ունի։

«Ինձ ձեր օգնությունն է պետք»,- ասել է պրոդյուսերը TMZ-ի լրագրողներին։
Նա նաեւ հավելել է, որ միշտ հավանել է նրանց աշխատանքն ու դրական է վերաբերվել նրանց, ի տարբերություն իր աստղային գործընկերների։

Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ տան մոտ հերթապահում էր ոստիկանությունը, քանի որ Հարվիի դուստրը զանգահարել էր 911 ու հայտնել, որ իր հայրը շատ ընկճված է ու մտադիր է ինքնասպանություն գործել։



© NEWS.am STYLE