79-ամյա Ջեյն Ֆոնդան՝ Town& Country-ի շապիկին ու էջերին

11:35   13 հոկտեմբերի, 2017

79-ամյա Ջեյն Ֆոնդան հայտնվել է Town & Country-ի շապիկին ու էջերին։

«Ես չեմ վախենում մահից, ես վախենում եմ նրանից, որ մինչեւ վերջ չեմ արտահայտել ինքս ինձ, չեմ հասցրել կյանքում դրսեւորել այն լավագույնը, ինչին ունակ եմ», - միանգամից հայտնում է Ջեյն Ֆոնդան, որը վերջերս L’Oréal Paris շոուի ժամանակ քայլել էր Հաղթական կամարի տակ։ Պարբերականի էջերին Ֆոնդան հայտնվել էր Dior-ի, Ralph Lauren-ի, Louis Vuitton-ի, Thom Browne-ի եւ Max Mara-ի անսամբլներով։

Ի դեպ, ամսագրում հրապարակված լուսանկարը ֆոտոշոպով չի մշակվել։

Պարբերականի լրագրողները հարցազրույցի ժամանակ Ջեյն Ֆոնդային անվանել են իդեալական, սակայն դերասանուհին չի համաձայնել այդ բնորոշմանը․

«Իդեալակա՞ն։ Նման բան չի լինում։ Կարեւորը դա չէ, այլ այն, որ դու լեցուն լինես։ Իմ կյանքում ես հաճախ եմ զգացել, որ իմ մեջ երկու անձնավորություն է ապրում։ Մեկը, որին տեսնում են բոլորը ու մյուսը՝ իմ ներսում, իմ կողքին, որը ոչ կատարյալ լինելու իրավունք ունի։ Ես երբեք չեմ լինի իդեալական, բայց ես կշարունակեմ զարգանալ այդ ուղղությամբ»,- ասել է Ֆոնդան։

Այս տարվա դեկտեմբերին Ջեյն Ֆոնդան նշելու է իր 80-ամյակը, սակայն նա շարունակում է աշխատել առանց ընդմիջումների։ Եվ այսպես, այս աշնանը հանդիսատեսը կտեսնի դերասանուհուն 81-ամյա դերասան Ռոբերտ Ռեդֆորդի հետ «Մեր հոգիները գիշերները» (Our Souls at Night) ռոմանտիկ ֆիլմում։



© NEWS.am STYLE