Exclusive. «Ինձ թվում է՝ մեկ անգամ էլ պետք է գնամ «Եվրատեսիլ»». Արծվիկ

11:06   13 հոկտեմբերի, 2017

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն օրերս Հայաստանում էր: Մրցույթից հետո երգչուհին հարցազրույցներ չի տվել, սակայն NEWS.am STYLE-ի հետ հանդիպումը չմերժեց, ինչի արդյունքում ջերմ զրույց ունեցանք նրա հետ: Երգչուհին առաջին անգամ խոսեց մրցույթի արդյունքի, դժվարությունների, ամուսնու աջակցության եւ առաջիկա նորությունների մասին.

«Հայաստանում էի «Հայաստան-Սփյուռք 6-րդ համագումարի» շրջանակներում պաշտոնական համերգին մասնակցելու նպատակով: Շատ ուրախ եմ, որ ինձ Մոսկվայից հրավիրել են այս միջոցառմանը մասնակցելու համար: Ի դեպ, այստեղ հանդիպեցի նաեւ Միշել Լեգրանին, Օրնելլա Մուտիին եւ շատ այլ հեղինակավոր դեմքերի, ինչն իսկապես ուրախալի է: Համերգին երգել եմ Սայաթ- Նովայի «Թամամ Աշխարհ» ստեղծագործությունը: Առաջին անգամ էի այդ երգը երգում երգչախմբի նվագակցությամբ եւ բոլորովին այլ զգացողություններ ունեցա: Փշաքաղվել էի…»,-նշեց երգչուհին, որը վերջերս էր հանդիսատեսի դատին հանձնել Գուսան Շերամի «Դու իմ մուսան ես» երգի իր տարբերակը.

«Մինչեւ «Եվրատեսիլ»-ին մասնակցելն էլ շատ էի երգում ժողովրդական երգեր, որովհետեւ շատ եմ սիրում: Արծվիկ տատիկս միշտ մեր տանը երգում էր ժողովրդական երգեր: Երգել եմ նաեւ «Դու իմ մուսան ես» երգը: Գիտե՞ք՝ ինչու եմ սիրում այդ երգը... Որովհետեւ Արծվիկ տատիկս այն երգում էր պապիկիս՝ Հարությունի համար: Իսկ հիմա ես այն երգում եմ իմ ամուսնու համար, որի անունը եւս Հարություն է (ժպտում է): Դրա համար էլ երգի մեջ մի փոքր փոփոխություն եմ կատարել:

Իրականում պետք է լինի «սեւ աչքեր», իսկ ես «կապույտ» եմ երգել, որովհետեւ ամուսինս կապտաչյա է: Միգուցե, մարդիկ մտածեն՝ ինչո՞ւ է փոխել ժողովրդական երգը, սակայն չեմ կարծում՝ քննադատելի սխալ եմ արել, պարզապես ի սրտե ցանկացել եմ այդպես երգել...Շուտով լույս կտեսնի նաեւ իմ կատարմամբ «Սարերի հովին մեռնեմ» երգի տեսահլովակը: Նոր երգեր էլ ունեմ, կրկին աշխատում եմ Լիլիթ Նավասարդյանի հետ, որը նաեւ ՛՛Fly With Me՛՛ երգի համահեղինակն էր: Եվս մեկ երգ ունեմ, որի խոսքերի հեղինակը Սոսի Խանիկյանն է, այն կրկին հայերեն է»,-ասում է Արծվիկը, որը մտադիր է շուտով ներկայացնել նոր ձայնասկավառակ.

«Շատ շուտով լույս կտեսնի իմ անգլալեզու ձայնասկավառակը: Հնարավոր է՝ գամ Հայաստան եւ այստեղ ներկայացնեմ իմ նոր ալբոմը: Ի դեպ, այս ամիս Մոսկվայում մեծ մենահամերգ ունեմ: Համերգին կմասնակցեն նաեւ Սեւակ Խանաղյանը, Սոնան եւ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Հայաստանում էլ, իհարկե, շատ եմ ցանկանում համերգով հանդես գալ: Բայց եթե այստեղ համերգ ունենամ, այն պետք է շատ լավը լինի: Կապանում էլ եմ ուզում համերգ ունենալ, առհասարակ, իմ հայրենիքում ամեն տեղ էլ ուզում եմ ելույթներ ունենամ, քանի որ համոզված եմ՝ շատերն են ինձ սպասում: Նոր տեսահոլովակս էլ ցանկանում եմ Հայաստանում նկարահանել: Այդ թեմայով արդեն խոսել եմ ռեժիսոր Արթուր Մանուկյանի եւ եվրատեսիլյան իմ թիմի հետ: Ուզում եմ նաեւ տեսանյութ ունենալ իմ եվրատեսիլյան օրերի մասին՝ ցուցադրել այն, ինչը մնացել է կադրից դուրս: Դա հրաշալի հուշ կլինի «Եվրատեսիլ»-ից, որը կներկայացնենք նոր երգով եւ տեսահոլովակով: Պարզապես այդ ամենի համար ժամանակ է պետք, իսկ ես չեմ ցանկանում հապշտապ ամեն ինչ անել, ուզում եմ, որ բարձր մակարդակի վրա լինի ամեն ինչ»:

Ի դեպ, Արծվիկի ամուսինը՝ Հարությունը, ոչ միայն դեմ չէ երգչուհու երաժշտական գործունեությանը, այլեւ հաճախ հենց նա է աջակցում կնոջը.

«Ամուսնուս դուր է գալիս այն փաստը, որ ես երգում եմ: Եթե նա չցանկանար, ես չէի մասնակցի ոչ «Голос»-ին, ոչ էլ, առավել եւս, «Եվրատեսիլ»-ին: Գիտեմ, որ նրա համար էլ է դժվար, բայց նա այնքան հասկացող է, որ իսկապես բախտս բերել է: Ամեն մեկը չէր կարող ունենալ երգչուհի կին: Փառք Աստծո, մենք միմյանց շատ լավ ենք հասկանում»,-ասում է Արծվիկը, որի հետ պարզապես չէինք կարող չվերհիշել նաեւ եվրատեսիլյան օրերը.

 ««Եվրատեսիլ»-ն ինձ օգնեց այն առումով, որ այսօր ինձ ավելի շատ մարդիկ են ճանաչում: Հայրենիքում ինձ ավելի շատ սկսեցին սիրել: Բայց զբաղվածության առումով ամեն ինչ նույնն է: Նախկինում էլ էի շատ աշխատում, հիմա էլ: Ինձ թվում է՝ մեկ անգամ էլ պետք է գնամ «Եվրատեսիլ» (ծիծաղում է)»:

Խոսելով եվրատեսիլյան 18-րդ հորիզոնականի մասին՝ երգչուհին նշեց.

«Կարծում եմ՝ ոչ-ոք չէր սպասում այդպիսի արդյունքի, ես՝ նույնպես: Բոլորն ինձ ասում էին, որ հաստատ լավագույն հնգյակ կամ եռյակ եմ մտնելու: Բայց չգիտեմ՝ ինչու այդպես եղավ: Ինչ լինում է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, ուրեմն ես երկրորդ անգամ պետք է գնամ մասնակցեմ մրցույթին (ծիծաղում է): Ճիշտ է՝ այդ ընթացքում շատ նյարդեր ու առողջություն ես քայքայում, ամեն ինչ շատ դժվար է, բայց ես առանց այդ էմոցիաների չեմ կարողանում: Երբ վերջին անգամ երգեցի այդ բեմում, սկսեցի արտասվել: Բայց գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ հասկացա, որ այլեւս չեմ կանգնելու այդ բեմի վրա: Իսկ հետո իմ մեջ արթնացավ մի միտք՝ իսկ ինչո՞ւ ոչ…Ու եթե էլի ստացվի, որ գնամ, կրկին նորությամբ հանդես կգամ ու շոկի կենթարկեմ մարդկանց: Ես սիրում եմ նորություններ: Այդ մրցույթին մասնակցությունն ինձ համար արդեն մեծ հաղթանակ էր»,-ասում է Արծվիկը՝ հավելելով, որ մեծ փորձ է ձեռք բերել մրցույթին ելույթ ունենալով.

««Եվրատեսիլ»-ում ամեն ինչ այնքան բարձր մակարդակի վրա էր, բոլոր մասնագետներն այնքան լավն էին: Ամենից շատ կարոտում եմ իմ թիմին: Միշտ միասին էինք, ամեն պարագայում ինձ օգնում էին: Դա այնքան կարեւոր էր այդ օրերին: Ամբողջ անձնակազմին կրկին ուզում եմ ասել շնորհակալություն՝ իրենց հոգատարության ու աջակցության համար»:

Երգչուհին հիշեց նաեւ, թե ամեն անգամ ինչ էմոցիաներով էր բարձրանում եվրատեսիլյան բեմ. «Դուրս էի գալիս բեմ ու մտածում՝ դու դա պիտի անես: Գիտեմ, որ շատ արտիստներ անգամ երկար տարիներ երաժշտական գործունեություն ծավալելուց հետո հաճախ դուրս են գալիս բեմ ու չեն կարողանում հաղթահարել հուզմունքն ու լարվածությունը: Բայց ես կարողացա, դուրս եկա բեմ ու արեցի այն, ինչ ինձանից պահանջում էին»:

Արծվիկի խոսքով՝ եվրատեսիլյան օրերի միակ դժվարությունը եղել է լեզվական խնդիրը, որը հաճախ երգչուհուն խանգարել է հարցազրույցների ժամանակ.

«Բոլորը գիտեն, որ ես Կապանից եմ եւ երկար տարիներ է, ինչ ապրում եմ Ռուսաստանում՝ 6 տարեկանից…Ինձ համար շատ դժվար էր լեզվական խնդիրը հաղթահարելը»,-ասում է նա՝ հավելելով, որ մրցութային օրերին աշխատում էր չկարդալ համացանցում տարածված մեկնաբանությունները.

«Գիտե՞ք՝ ինչն է հատկանշական: Միգուցե լինեին հազարավոր լավ մեկնաբանություններ ու կարծիքներ, ու դրանց կողքին միայն մեկ վատ մեկնաբանություն, բայց դու արդեն խորանում ես այդ վատ մեկնաբանության մեջ ու սկսում մտածել գրածի շուրջ: Դրա համար որոշել էի չընթերցել ոչինչ»:

Արծվիկից հետաքրքրվեցինք նաեւ, թե որտեղ է պատկերացնում իր երաժշտական ապագան՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական շոու-բիզնեսում.

«Ես չեմ մտածում դրա մասին: Ես իմ գործն եմ անում: Ով ինձ սիրում է, կսիրի աշխարհի տարբեր մասերում: Ես մրցանակների համար չեմ աշխատում: Ես ուզում եմ կատարել իմ սիրած գործը, ներկայացնել իմ հայրենիքն աշխարհում, որպեսզի հետագայում իմ երեխաներն էլ տեսնեն, թե ինչերի եմ ես հասել ու հպարտանան ինձնով: Չեմ սիրում, երբ ինձ ասում են սփյուռքահայ: Ես ինձ սփյուռքահայ չեմ համարում: Ինձ համար շատ կարեւոր է իմ երգը, որ մարդկանց դուր գա այն, ինչ անում եմ: Ու չեմ ընդունում երբ մարդիկ հաջողության հասնելով փոխվում են: Չեմ ընդունում դա. մարդ պետք է միշտ մարդ մնա»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Արծվիկը

 



© NEWS.am STYLE