Իմ իսկական ազգանունն Աբգար է. NEWS.am STYLE-ի հարցազրույցը «Միսս Տիեզերք» Նիդեռլանդների հետ (ֆոտո)

23:18   20 ապրիլի, 2013

Մի քանի ամիս առաջ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ հայկական արմատներով աղջիկը հաղթել է Նիդեռլանդների ազգային գեղեցկության մրցույթում եւ այդ երկիրը ներկայացնելու է «Միսս Տիեզերք-2013»-ում: Չնայած եվրոպական արտաքինին, Սթեֆանի Թենսիի երակներում մի քանի ազգության արյուն է հոսում, այդ թվում՝ հայկական: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում Սթեֆանին պատմեց մոդելի կարիերայի, մրցույթին մասնակցության եւ ապագայի ծրագրերի մասին:

Դուք երբեւէ երազե՞լ եք գեղեցկության թագուհի դառնալու մասին: Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին:

Ընդհանրապես, երբեք չեմ մտածել գեղեցկության թագուհի դառնալու մասին: Մանկության տարիներին կարծես տղա լինեի, ինձ չէին հետաքրքրում այդ «աղջկական բաները»: Երբ դարձա 16 տարեկան, ինչ-որ մեկն ասաց, որ նման եմ Դաութցեն Քրուուսին եւ որ կատարելապես հարմար եմ մոդելի դերի եւ մրցույթների մասնակցելու համար:

Ասում են՝ բարձր մրցակցության պատճառով մրցույթի մասնակիցներն այնքան էլ լավ չեն վերաբերում միմյանց: Նման բան պատահե՞լ է «Միսս Տիեզերք Նիդեռլանդներ 2013»-ում:

Ոչ, մենք հրաշալի թիմ էինք, բայց ամեն դեպքում դա մրցույթ է, եւ բոլորը ցանկանում են հաղթել: Օրինակ՝ ես ծանոթացա Միսս Ուտրեխտի հետ, եւ նա դարձավ իմ լավագույն ընկերուհին:

Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք. «Vogue»-ի կա՞զմ, թե՞ Միսս Տիեզերք:

Իհարկե՝ երկրորդը: Ես երեք անգամ Հոլանդիայում եղել եմ տարբեր ամսագրերի կազմերին: Հաճելի է մոդել լինել եւ ինքդ քեզ տեսնել կազմերին կամ վահանակներին: Որպես Միսս Տիեզերք անում ես նույնը, ինչ մոդելը, բայց նաեւ կամավորական աշխատանք կա: Օրինակ՝ ես կարողացել եմ 32.170 եվրո հավաքել «Energy4All» հիմնադրամի համար, որն աշխատում է նյութափոխանակության հիվանդությամբ երեխաների հետ: Ես այդ հիմնադրամի դեսպանն եմ:

Ես կարդացել եմ, որ Ձեր բիզնեսն ունեք: Ի՞նչ եք կարծում, կանայք կարո՞ղ են նույնքան հաջողակ գործարարներ լինել, ինչպես տղամարդիկ: Շատ հայուհիներ կարծում են, որ ընտանիք եւ երեխաներ ունենալը կարիերայից ավելի կարեւոր է: Դուք համաձա՞յն եք:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կանայք նույն ուժն ունեն: Տղամարդկանց հետ համար այդպես նույնիսկ ավելի լավ է. կարող են մեզ հետ կիսել ծախսերը: Կարծում եմ՝ կարեւոր են ինչպես ընտանիքը, այնպես էլ կարիերան: Եթե դու հաջողակ չես, լավ աշխատանք չունես, չես կարող լավ հոգ տանել քո երեխաների մասին: Կարծում եմ՝ դա կարեւոր է երկու ծնողի համար էլ:

Դուք ասում եք՝ հպարտ եք նրանով, որ մի քանի ազգության կրող եք: Պատմեք Ձեր արմատների մասին: Հայաստան գալ ծրագրո՞ւմ եք:

Իմ իսկական ազգանունն Աբգար է: Ես տանը նկար ունեմ, որում պատկերված են հայ արքաները: Ասում են՝ իմ նախնիների մեջ էլ թագավոր կար: Ինչ վերաբերում է Հայաստան գալուն, ապա շատ կցանկանայի ձեզ մոտ գալ հորս հետ:

Պատրաստեց՝ Աննա Ղազարյանը



© NEWS.am STYLE