«Աստված ինձ տվել է այնպիսի մարմին, որն ինձ դուր է գալիս». Մարի Պետրոսյանը՝ դիետաների եւ իր նրբագեղության մասին

14:39   14 հոկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը «Հմայքի գաղտնիքներ» խորագրում այս անգամ զրուցել է «Ազիզյանները» սիթքոմից հայտնի դերասանուհի Մարի Պետրոսյանի հետ, որն իր նրբագեղ կառուցվածքի գաղտնիքները բացահայտեց հատուկ մեր ընթերցողների համար:

«Առավոտյան չեմ սիրում սնվել: Նախընտրում եմ սեւ սուրճ, լավ երաժշտություն ու շոկոլադ: Կոնկրետ սննդակարգ չունեմ: Ուտում եմ այն, ինչ տատիկս պատրաստում է: Երբեմն ինքս էլ եմ պատրաստում: Ցերեկվա ժամերին նախընտրում եմ թեթեւ սնվել՝ կրկին շոկոլադ եւ քաղցրավենիք: Քանի որ մինչեւ երեկո թեթեւ բաներ եմ ուտում, երեկոյան արդեն նախընտրում եմ համեղ սնվել»,-ասում է դերասանուհին, որը դեմ է ցանկացած տեսակի դիետաների.

«Երբեք չեմ սիրել դիետաներ պահել: Անգամ, երբ տեսել եմ, որ շրջապատումս մեկը դիետա է պահում, խորհուրդ եմ տվել դրա փոխարեն ճիշտ սնվել: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե որ ուտեստն է իր օրգանիզմն ընդունում, որը՝ ոչ, եւ, ըստ այդմ, պետք է ճիշտ սնվի: Գիրանալու հակում էլ երբեք չեմ ունեցել: Ի դեպ, ես ավելի շատ մսային ուտեստներ եմ նախընտրում, ու չկա կոնկրետ մի ուտեստ, որը բացառում եմ իմ սննդակարգից: Կախված է, թե ով է այն պատրաստել եւ ինչպես»,-ասում է նա:

Իր սլացիկ կառուցվածքի համար Մարին պարտական է նաեւ սպորտին.

«Սպորտով զբաղվում եմ: Շաբաթը երեք անգամ հաճախում եմ մարզասրահ: Եթե չի ստացվում երեք անգամ գնալ, գոնե աշխատում եմ այնպես անել, որ երկու օր լինեմ մարզասրահում: Ճիշտ է՝ Աստված ինձ տվել է այնպիսի մարմին, որն ինձ դուր է գալիս, բայց սպորտով զբաղվելը կարեւորում եմ: Զգում եմ՝ երբ հաճախում եմ մարզասրահ, ինձ ավելի առողջ եւ լավ եմ զգում»:

Դերասանուհին կարծում է՝ կինն իրեն կատարյալ գեղեցիկ է զգում, երբ սիրված է ու երջանիկ.

«Որքան էլ գեղեցիկ լինի մարմինդ, միեւնույն է՝ իդեալական ոչինչ չկա: Ուղղակի պետք է լինես սիրված ու անձնական կյանքում երջանիկ: Հենց դա է, որ կարող է կնոջը գեղեցկացնել, եւ այդ դեպքում կինն իրեն լիարժեք երջանիկ եւ գեղեցիկ կհամարի: Պետք է մեզ սիրենք այնպիսին, ինչպիսին կանք: Ճիշտ է՝ հաճելի է ունենալ գեղեցիկ կառուցվածք, բայց առաջնահերթ պետք է մտածել առողջության մասին, լինել երջանիկ եւ հաճախ զբաղվել սպորտով»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE