Ռիզ Ուիզերսփունն ու ամուսինը ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով

11:07   22 ապրիլի, 2013

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է:

Ըստ TMZ-ի, պարեկներն ուշադրություն են դարձրել Ford Fusion ավտոմեքենայի վրա, որի վարորդը դժվարությամբ է պահել սեփական գիծը: Երբ ավտոմեքենան կանգնեցրել են, ոստիկանները Ուիզերսփունի ամուսնուց՝ Ջեյմս Տոտից ալկոհոլի ուժեղ հոտ են զգացել եւ առաջարկել են նրան ալկոհոլի թեսթ անցնել: Տղամարդը համաձայնել է, իսկ ահա Ուիզերսփունը չի դիմացել, դուրս է եկել մեքենայից եւ հարցրել. «Գիտե՞ք, թե իմ անունն ինչ է»: Երբ ոստիկանության աշխատակիցը պատասխանել է, թե կարիք չունի նրա անունն իմանալ, դերասանուհին հայտարարել է. «Շուտով կիմանաք, թե ես ով եմ: Շուտով դուք կլինեք բոլոր լուրերում»:

Ուիզերսփունը վերադարձել է ավտոմեքենա, բայց շուտով, դժգոհելով, որ թեսթը ձգձգվում է, նորից դուրս է եկել: Նրան զգուշացրել են, որ հաջորդ անգամ կձերբակալվի: Դերասանուհին նստել է մեքենան, բայց պատուհանից ոստիկանին տեղեկացրել է, թե չի հավատում, որ նա իսկական է: Երբ պարեկը Տոտին ձեռնաշղթաներ էր հագցնում, Ուիզերսփունը մեքենան լքել է երրորդ անգամ եւ ոստիկանին հարցրել, թե ինչ է կատարվում: Վերջինն օրինախախտից պահանջել է նստել մեքենան, սակայն վերջինը հիշեցրել է, թե ԱՄՆ քաղաքացի է եւ իրավունք ունի կանգնել ամերիկյան հողի վրա: Այդ ժամանակ էլ ոստիկանը որոշել է ձերբակալել դերասանուհուն:

Ուիզերսփունին եւ Տոտին բաժանմունք են տարել, որտեղ կնոջը՝ խուլիգանության, իսկ ամուսնուն՝ հարբած վիճակում մեքենա վարելու մեղադրանք են առաջադրել: Առայժմ հայտնի չէ, թե երբ է կայանալու դատը:



© NEWS.am STYLE