Հայկական «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար»-ի նախընտրական ցանկում

11:43   16 հոկտեմբերի, 2017
Հայաստանի կողմից առաջադրված «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար»-ի նախընտրական ցանկում։

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխության՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը:

Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել է Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

 

Ամերիկյան կինոակադեմիայի  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:  

 Հայալեզու ֆիլմը հանդիսանում է  Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան․․․



Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE