Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «Ջերալդի խաղը». թե ինչ սարսափելի հետեւանք կարող է ունենալ սովորական թվացող սիրախաղը (ֆոտո/վիդեո)

18:32   16 հոկտեմբերի, 2017

Եթե մտադիր եք երեկոն անցկացնել ֆիլմեր դիտելով, բայց դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ ժանրի ֆիլմ եք ցանկանում դիտել, փորձենք հուշել: Ի՞նչ կասեք սարսափ ժանրի մասին՝ համադրված իրական պատկերացումներով… հետաքրքրե՞ց, ուրեմն այսօրվա մեր առաջարկը ձեր սրտով կլինի:

«Ջերալդի խաղը»/Gerald's Game` այսպես է կոչվում ռեժիսոր Մարկ Ֆլենեգանի ֆիլմը, որը համաշխարհային էկրաններ է բարձրացել այս տարի: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Կարլա Գուջինոն (Ջես)  եւ Բրյուս Գրինվուդը (Ջերալդ):

Ջեսն ու Ջերալդը միջին տարիքի ամուսիններ են, որոնց համատեղ կյանքն այնքան էլ հարթ չէ: Ամուսնական կյանքի խոչընդոտները հաղթահարելու համար զույգը որոշում է փախչել քաղաքից եւ որոշ ժամանակ բնության գրկում գտնվող մեծ առանձնատանն ապրել՝ փորձելով վերականգնել նախկին երջանիկ հարաբերությունները՝ այդ թվում ինտիմ կյանքը: Հերթական սիրախաղի ժամանակ Ջերալդը կնոջը ձեռնաշղթաներ է հագցնում եւ գամում անկողնուն: Ջեսին այնքն էլ դուր չի գալիս ամուսնու խաղը, եւ նա հրաժարվում է դրա մասնակիցը լինել: Նրանց միջեւ խոսակցություն է սկսվում, ինչի արդյունքում Ջերալդի ինքնազգացողությունը վատանում է, եւ նա մահանում է: Ջեսը մնում է անկողնում գամված, իսկ շրջապատում ոչ-ոք չկա…

Անելանելի վիճակում գտնվող կինը ոչինչ չի կարողանում ձեռնարկել՝ դանդաղ սպասելով մահվան: Սակայն միայնակ մնալով այդ անկողնում, Ջեսը վերհիշում է իր կյանքի ամենադժվար օրերն ու մանկության սարսափելի վերքերը: Անցյալի դժվարությունները ուժ են տալիս կնոջը, եւ նա որոշում է չհանձնվել: Ամենադժվար պահին Ջեսի միտքը սկսում է ավելի ուժեղ աշխատել, եւ կինը հնարամտության օգնությամբ փորձում է գոյատեւել: Կհաջողվի՞ նրան, արդյոք, ազատվել ձեռնաշղթաներից…

Ավելին կիմանաք՝ ֆիլմը դիտելով:



© NEWS.am STYLE