Հարվի Վայնշթեյնը կհեռացվի Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայից

16:02   17 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդը շարունակում է արձագանքել հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անպարկեշտ վարքագծին: Այս անգամ Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի խորհուրդը կողմ է քվեարկել, որպեսզի Հարվիին գիլդիայից հեռացնելու գործընթաց սկսվի, հայտնում է  Associated Press-ը:

Նշվում է, որ խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել: Մինչ վերջնական որոշումը, Հարվին մինչեւ նոյեմբերի 6-ը կարող է պատասխան ուղարկել գիլդիայի անդամներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարվի Վայնշթեյնը հեռացվել է Ամերիկյան կինոակադեմիայից:

Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Այդ սկանդալի ֆոնին պրոդյուսերից հեռացել է նրա կինը՝ ոճաբան Ջորջինա Չափմանը։

Հարվին ինքը շտապ մեկնել է ԱՄՆ-ից։ Որոշ ժամանակ նրան չեն կարողացել գտնել, սակայն ինսայդերները հայտնել են, որ Հարվին Եվրոպա է մեկնել՝ ռեաբիլիտացիոն կլինիկաներից մեկում սեքս կախումից բուժվելու նպատակով։



© NEWS.am STYLE