«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը բացահայտում է իր նրբագեղության գաղտնիքները

15:34   17 հոկտեմբերի, 2017

«Հմայքի գաղտնիքներ» խորագրի շրջանակներում NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել հայ հայտնիների նրբագեղության գաղտնիքները: Այս անգամ զրուցել ենք Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհու` «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանի հետ, որը 17 տարեկանում ստացավ ոչ միայն գեղեցկուհու թագը, այլեւ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» մրցույթ:

Խոսելով իր օրվա սննդակարգի մասին՝ Լիլին նշում է.

«Առավոտյան պարտադիր նախաճաշում եմ, հիմնականում՝ կաթնամթերք: Կեսօրին աշխատում եմ սննդակարգումս միս եւ զանազան աղցաններ ներառել: Երեկոյան շատ չեմ ուտում, ուտում եմ կաթնամթերք»:

Գեղեցկուհին ասում է՝ գիրանալու հակում չունի: Իսկ ինչ վերաբերում է քնելու ռեժիմին՝ քնում է միայն այն ժամանակ, երբ ավարտին է հասցնում բոլոր գործերը:

«Սննդակարգիցս բացառում եմ յուղոտ, տապակած եւ արագ սնունդը: Նաեւ զբաղվում եմ սպորտով՝ շաբաթական 3-4 անգամ»,-ասում է Լիլին:

Գեղեցկուհու խոսքով՝ կինն իրեն գեղեցիկ զգալու համար պետք է լինի ինքնավստահ.

«Ինչպես նաեւ պետք է ունենա իրեն քաջալերող ընտանիք: Կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ լինել նպատակասլաց եւ բարի: Առհասարակ, մարդու մեջ գնահատում եմ բարությունը»,-եզրափակեց Լիլին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլիի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE