«Մարմինս 30 տարեկանի է, դեմքս՝ 50-ի». Ժան-Կլոդ Վան Դամը նշում է ծննդյան 57-ամյակը

15:35   18 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հոլիվուդի ամենաուժեղ եւ սեքսուալ տղամարդկանցից մեկը՝ Ժան-Կլոդ Վան Դամը, նշում է ծննդյան 57-ամյակը: Նրան հաճախ անվանում են The Muscles from Brussels (Մկաններ՝ Բրյուսելից): Նրա մասնակցությամբ ֆիլմերը ոչ միայն աչքի են ընկնում սցենարային յուրահատկություններով, այլեւ արեւելյան մարտարվեստի հետաքրքիր լուծումներով: Ընդ որում՝ ցանկացած տեսարանոմ դերասանն ինքն է կատարում ամենադժվար հնարքները:

«Արյունոտ սպորտ», «Կրկնակի հարված», «Ունիվերսալ զինվորը», «6 փամփուշտ», «Փողոցային մարտիկը»՝ այս ֆիլմերը ժամանակին մեծ ճանաչում էին վայելում դեռահասների շրջանում, որոնք ձգտում էին լինել Վան Դամի պես ուժեղ եւ հնարամիտ:

Դերասանի ամենահայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես եկա Միացյալ Նահանգներ մեկ երազանքով, եւ այն կատարվեց: ԱՄՆ-ն ստեղծված է, որ մարդիկ այնտեղ հաջողության հասնեն»:

«Աստված ինձ հրաշալի մարմին է շնորհել, եւ իմ պարտքն է դրա մասին հոգ տանել»:

«Հավատացեք՝ ես կյանքում թե լավ բաներ եմ արել, թե խենթություններ: Ու ես չեմ զղջում իմ գործած խենթությունների համար»:

«Կարծում եմ՝ անհնար է, որ ես վատ ֆիլմ ստեղծեմ»:

«Պետք է հավատաս քո ասածին. եթե հավատաս, գործելն ավելի հեշտ կլինի»:

«Կարատեի բնույթը հասկանալու համար մարդուն 6-7 տարի է պահանջվում, որպեսզի նա կարողանա մաքրել իր հոգին, եւ միտքն ու մարմինը նվիրի սպորտին»:

«Երբ դու հավատում ես քո ստեղծած կերպարին, տվյալ ֆիլմի ավարտից հետո քեզ դատարկ ես զգում»:

«24 տարեկանում ես կյանքով լի էի: Ես ցանկանում էի դառնալ հայտնի, լինել աստղ: Կարծում եմ՝ դա հրաշալի է, բայց իրականում դա այն չէր, ինչ ես փնտրում էի»:

«Ես չեմ բողոքում, երբ ստիպված եմ լինում օրվա մեջ 20 ժամ աշխատել: Իրականում հրաշալի է, երբ դու ի վիճակի ես այդքան ժամանակ տրամադրել նկարահանումներին»:

«Մարմինս 30 տարեկանի է, դեմքս՝ 50-ի: Բայց ես այլեւս չեմ կարող փողոցում քայլել բաց կրծքով: Դա անում եմ միայն ֆիլմերում՝ ինքս ինձ մարտահրավեր նետելով»:



© NEWS.am STYLE