Նիհարողի օրագիր. քաշս կանգնած է

17:32   22 ապրիլի, 2013

Ողջո՛ւյն: Հավանաբար, արդեն ձանձրացրել եմ ձեզ բողոքներով քաղցածության եւ այն մասին, որ հազիվ եմ դիմանում: Բայց ի՞նչ անել, սա է դիետայի գինը: Իսկ ո՞ւմ գրեմ, եթե ոչ ձեզ:

Եվ այսպես, արդեն 1.5 ամիս է անցել: Այս ամբողջ ընթացքում հաջողվել է ազատվել ընդամենը 6 կգ-ից: Իմ առաքելության դեպքում սա, իհարկե, կաթիլ է ծովում: Բայց փոխարենը գիտեմ, որ շարժվում եմ դեպի իմ նպատակը: Հիմա արդեն կարեւոր չէ, դա կլինի մե՞կ, թե՞ երկու տարի անց, քանի որ ես ամուր վստահություն ունեմ, որ դա ԿԼԻՆԻ:

Հիշում եմ՝ առաջին երկու շաբաթներին թվում էր, թե վերածվում եմ նեւրոտիկ հիվանդի. առանց պատճառի գոռում էի, նյարդայնանում եւ անընդհատ ուտել էի ուզում: Առաջին շրջանում երշիկով բուտերբրոդները նույնիսկ երազում էի տեսնում: Բայց քանի որ «Մինուս 60»-ը մինչեւ ժամը 12-ը թույլ է տալիս բացարձակապես ամեն ինչ ուտել, առավոտյան վազում էի դեպի սառնարանը եւ թեյի հետ ինձ համար բուտերբրոդ պատրաստում: Իսկ հիմա… Հիմա արդեն կերակուրը կյանքի իմաստ չի թվում:

Հավանաբար, միակ դժվարությունը կառաջանար, եթե ընտանիքիս համար ինքս ճաշ պատրաստեի: Բայց այդ պարտականությունը թողել եմ տատիկիս ուսերին, ով մանկության տարիներից ինձ ստիպում էր նիհարել: Ինչ խոսք, նա ուրախությամբ համաձայնեց, միայն թե ես նրա երազանքի կազմվածքն ունենամ:

Այնպես որ, դիմանում եմ: Շնորհակալ եմ Ձեզ աջակցության համար:

Ձեր՝ Անի



© NEWS.am STYLE