Հելոուինի կերպարի պատճառով տեսողությունը վնասած աղջկա խորհուրդը՝ հասակակիցներին (ֆոտո)

18:05   18 հոկտեմբերի, 2017

Ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրություն վայելող Հելոուինի տոնակատարությանը սպասում են շատերը: Այն տոնվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 31-ին: Վերջին տարիներին Հելոուինը մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ Հայաատանում: Մինչ շատ հայ երիտասարդներ այս օրերին անհամբերությամբ ընտրում են իրենց տոնական հանդերձանքները, Միչիգանի դեռահաս բնակչուհի Լեա Քարփենթերը որոշել է կիսվել իր՝ անցած տարվա Հելոուինի պատմությամբ:

Բանն այն է, որ նախորդ տարի Լեան որոշել էր Հելոուինին ներկայանալ զոմբիի հագուստով: Իր կերպարն ամբողջացնելու համար աղջիկը որոշել էր դնել գունավոր ոսպնյակներ: Օրն, իհարկե, զվարճալի էր անցել, բայց այն, ինչ բացահայտվեց առավոտյան, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չէր:

Լեան արթնացավ սարսափելի կարմիր աչքերով: Սկզբում աղջիկն ու նրա ծնողները մտածեցին, թե նրա աչքերի մեջ պարզապես արյուն է լցվել, որը ժամանակի ընթացքում կանցնի: Սակայն ավելի ուշ Լեան զգաց, որ տեսողության հետ կապված եւս խնդիրներ են առաջացել: Նա անմիջապես դիմեց բժիշկի: Արդեն մեկ տարի է՝ Լեան իր ակնաբույժի օգնությամբ փորձում է վերականգնել նախկին տեսողությունը:

«Գիտեմ, որ տեսողությունս 100 տոկոսով չեմ վերականգնի, ու դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու»,-ասում է դեռահասը:

Նրան բուժող ակնաբույժ Լորին Ալենն էլ հորդորում է.

«Ցանկացած տիպի ոսպնյակները պետք է վերցնել բժիշկների մոտից: Դրանք բժշկական պարագաներ են եւ առանց հատուկ թույլտվության չի կարելի դրանք գնել կամ վաճառել»:

Այժմ Լեան բուժումներ է անցնում, սակայն այս մեկ տարվա ընթացքում աղջիկը շատ բաներից է հետ մնացել՝ հաճախ չի կարողանում հանդիպել ընկերներին, չի կարողանում գրավոր աշխատանքները նորմալ կատարել: Իր պատմությամբ աղջիկը ցանկանում է նախազգուշացնել իր հասակակիցներին զգույշ լինել Հելոոինի կոստյում ընտրելիս ու խուսափել իր սխալը կրկնելուց:

Աղբյուրը՝ Social.diply.com



© NEWS.am STYLE