Հարվի Վայնշթեյնի եղբայրը նույնպես մեղադրվում է սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ

17:31   18 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի սեքս-սկանդալը նոր երանգներ է ստանում: Պարզվում է՝ Վայնշթեյնը միայնակ չէ իր սեռական ցանկություններում: Հարվիի կրտսեր եղբայրը՝ Բոբը, նույնպես նմանատիպ փորձ է ունեցել:

Բոբ Վայնշթեյնի գործընկերուհին՝ Ամանդա Սիգելը, որը պրոդյուսերի հետ աշխատել է The Mist նախագծի շրջանակներում, մեղադրել է նրան իր հանդեպ անբարո վարքագիծ դրսեւորելու մեջ:

Դերասանուհին նշել է, որ Բոբը նկարահանումներից հետո նրան հրավիրել է իր ննջարան, սակայն կինը մերժել է: Դրանից հետո կրտսեր Վայնշթեյնն անընդհատ անբարո առաջարկություններ է արել Ամանդային եւ դադարել է անհանգստացնել նրան միայն այն ժամանակ, երբ կինը սպառնացել է լքել նախագիծը:

Ի դեպ, Բոբը The Hollywood Reporter-ի հետ զրույցում ասել էր, թե չի իմացել ավագ եղբոր արարքների մասին, այլապես՝ կկանգնեցներ նրան:

Հիշեցնենք, որ Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի խորհուրդը կողմ է քվեարկել, որպեսզի Հարվիին գիլդիայից հեռացնելու գործընթաց սկսվի: Նշվում է, որ խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել: 

Ավելի վաղ Հարվի Վայնշթեյնը հեռացվել է Ամերիկյան կինոակադեմիայից:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE