Հելոուինի կոստյում. ինչ են առաջարկում երեւանյան խանութները

14:36   26 հոկտեմբերի, 2017

Հելոուինը՝ Բոլոր սրբերի օրը, տարեցտարի մեծ ճանաչում է ձեռք բերում Հայաստանում, չնայած հասարակության որոշ հատվածի ոչ միանշանակ վերաբերմունքին: Սակայն այս տոնը եւս մեկ անգամ ընկերներով հավաքվելու եւ ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորություն է տալիս: Յուրաքանչյուրը կարող է իրեն երեխա զգալ՝ սարսափեցնող որեւէ կոստյում փորձելով: NEWS.am Style-ի թղթակիցը որոշել է շրջել Երեւանի խանութներով եւ պարզել, թե ինչ կոստյումներ կարելի է գնել տարվա «ամենասարսափելի» օրվա համար:

Հելոուինի կոստյումների հիմնական թեմատիկան մութ ուժերն են: Ամենատարածված կերպարները շարունակում են մնալ վամպիրները, զոմբիները, մումիաները եւ այլն: Կոստյումների մասին, սակայն, պետք է արդեն հիմա մտածել, քանի որ տեսականին խանութներում այնքան էլ մեծ չէ:

Եթե վճռել եք սարսափ-ֆիլմերի հերոսների վերածվել, ապա վամպիրի թիկնոց կարող եք ձեռք բերել 5.000 դրամով, իսկ ամբողջական կոստյումը 25.000 դրամ կարժենա: 18.000 դրամով էլ կարող եք Մահվան վերածվել: Կանայք կարող են 20.000 դրամով բուժքույր կամ ոստիկան դառնալ: Կարող եք փորձել նաեւ կախարդի կերպարը. կոստյումը ներառում է կիսաշրջազգեստ, սեւ շապիկ եւ լայնեզր գլխարկի:

Հագուստից բացի՝ խանութներում կարող եք ամենատարբեր աքսեսուարներ գտնել. բեղ, մորուք, դիմակներ, կեղծամներ, արհեստական արյուն եւ այլն: Այլանդակված դեմքով հրեշների լատեքսից դիմակները 2.500 դրամմ արժեն, սովորական դիմակները՝ 1.000 դրամ: Կարող եք գտնել նաեւ խորհրդավոր էակի երկար կանաչ եղունգներ, հսկայական քիթ, արյունոտ մատ, ժանիքներ: Իսկ եթե ցանկանում եք ինքնատիպ որեւէ բան գնել, կարող եք գտնել առցանց խանութներում կամ ինքներդ կարել:

Դե, իսկ եթե ուզում եք տոնական թեմայով փոքրիկ նվերներ գնել, դրանք կգտնեք ցանկացած խանութում, այդ թվում՝ հուշանվերների. դդմի տեսքով արձանիկներ, Վուդու տիկնիկ, լուսավորվող սարդեր եւ այլն:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE