«Ես ատում էի դստերս». ինչպե՞ս տղամարդը հաղթահարեց երեխայի ծնվելուց հետո առաջացած դեպրեսիան

17:35   19 հոկտեմբերի, 2017

Հետծննդաբերական դեպրեսիան շատերը համարում են կանանց հատուկ սինդրոմ, որն ի հայտ է գալիս երեխայի ծնվելուց հետո, սակայն դրանից հաճախ չեն կարողանում խուսափել նաեւ տղամարդիկ: Դեպրեսիան կամ անընդհատ ընկճվածությունն ու տրամադրության կտրուկ անկումը շատերին թեւաթափ է անում, ստիպում ատել բոլորին ու նյարդայնանալ ամեն ինչից, ինչի պատճառով հուսահատ մարդիկ հաճախ դիմում են կտրուկ քայլերի:

Ուելսի բնակիչ՝ երիտասարդ հայրիկ Ռոս Հանթը եւս այդ սինդրոմի զոհն է դարձել: Նա որոշել է կիսվել իր կյանքի հուզիչ պատմությամբ՝ փորձելով օգնել հետծննդաբերական դեպրեսիայով տառապող մյուս մարդկանց չհուսահատվել եւ չհանձնվել:

«Ծանր է խոստովանելը, բայց ես ատում էի նրան, նախանձում: Կարծում էի, թե կյանքս կործանվել է նրա ծննդից հետո: Ես երկար տարիներ սպասում էի առաջնեկիս ծնվելուն։ Սակայն երբ դուստրս ծնվեց, ես ոչինչ չզգացի: Նախկինում էլ եմ տառապել դեպրեսիայով, սակայն երբեք չէի կարող պատկերացնել, որ նման բան կզգամ սեփական դստերս հանդեպ»,-խոստովանում է տղամարդը:

Մի քանի ամիս շարունակ նման զգացողություններից հետո, երիտասարդ հայրիկն ընդունում է, որ տառապում է ընկճախտով եւ որոշում է պայքարել դրա դեմ:

«Ես ամեն ինչ անում էի իմ դստեր՝ Իզաբելի համար: Փոխում էի տակդիրները, լողացնում էի, խաղում նրա հետ, անգամ թույլ էի տալիս, որ ինձ վրա քներ, բայց միեւնույն է՝ ոչինչ չէի զգում նրա հանդեպ: Երբ սկսեցի գնալ աշխատանքի, ինձ ավելի լավ էի զգում: Շատ ժամանակ ունեի մտածելու, հասկանալու, որ նա ինձանից ոչինչ չի պահանջում: Չէի հասկանում, թե ինչպես կարելի է սիրել մեկին, որը քեզանից միայն ստանում է, բայց փոխարենը ոչինչ չի տալիս: Հետո հասկացա, որ ամենասխալ բանն այդպես մտածելն է: Մենք պետք է սիրենք՝ անկախ նրանից դիմացինը մեզ ինչ-որ բան տալու է դրա դիմաց, թե ոչ»,-ասում է Ռոսը՝ հավելելով, որ այդ դժվարին պայքարում իր կողքին եղել է կինը:

«Նա հավատում էր, որ ես կարող եմ հաղթահարել այդ ամենը: Առանց նրա օգնության ես երեւի դեռ շատ վատ վիճակում կլինեի: Իսկ հետո աղջիկս սկսեց ինձ փոխհատուցել: Երբ առաջին անգամ դուրս եկա նրա հետ զբոսանքի, նա առաջին անգամ ժպտաց ինձ, ու հենց այդ պահին ես զգացի, թե ինչպես է իմ ներսում ինչ-որ բան շարժվում: Ու այդպես ես սկսեցի ավելի հաճախ դուրս գալ Իզաբելի հետ զբոսնելու, եւ աստիճանաբար ամեն ինչ հաղթահարվեց: Հիմա ես ամեն ինչից վեր եմ գնահատում Իզաբելի հետ անցկացրած իմ ժամանակը: Այո, ինձ համար հեշտ չէր դեպրեսիան հաղթահարելը, բայց իմ կողքին կային մարդիկ, որոնք ինձ օգնեցին: Պետք չէ վախենալ օգնություն խնդրելուց: Հիմա էլ երբ խոսում եմ այս մասին, ինձ ավելի լավ եմ զգում»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE