«Ճիշտ էր հուզվելն ու վախենալը». Նուռը` Ֆլորենցիայի բիենալեում իր հաղթանակի մասին

15:01   20 հոկտեմբերի, 2017

«Այս հաղթանակն ինձ համար անսպասելի էր, քանի որ ցանկացած մրցույթի ժամանակ, որտեղ կա ժյուրի, ճիշտ է հուզվելն ու վախենալը»,-այսօր` հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ֆլորենցիայի բիենալեում գրանցած հաղթանակին, նշեց դիզայներ-քանդակագործ Արման Նուռը:

Իր հաղթանակով Նուռը դարձավ մրցույթին մասնակցած առաջին հայ դիզայները, որը բիենալեի գլխավոր մրցանակը` Lorenzo Il Magnifico անունով Մեդիչիի ոսկե մեդալը, բերեց Հայաստան:

«Այս տարվա մրցույթն ավելի բարդ էր, քանի որ 417 արտիստ էր մասնակցում: Մրցակցությունը շատ ուժեղ էր, պատասխանատվությունը` մեծ: Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած ամենահայտնի արտիստները, եւ ես մինչեւ վերջին պահը չգիտեի, թե ինչ կլինի»,-ասում է նա:

Բիենալեին Նուռը ներկայացրել էր երկու աշխատանք` «Ճանճ» եւ «Ճանճ էվոլյուցիա»՝ քարոզելով սեր, ներողամտություն եւ մարդասիրություն: Աշխատանքները պատրատված են բրոնզից, օգտագործված է օրգանական ապակի եւ տոպազ:

«Աշխատանքների կոնցեպցիայի իմաստը, կարծում եմ, շատ արդիական է: Մարդկանց համար ամենաատելի էակներից մեկը` ճանճը, պատմում է սիրո մասին, որպեսզի մենք կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք: Այս գաղափարի շուրջ աշխատել եմ մոտ 10 տարի եւ այն պահել էի հենց այս մրցույթի համար»,- ասում է Նուռը, որը չնայած բազում առաջարկների` չի պատրաստվում վաճառել իր աշխատանքները.

«Ես դեռ այս աշխատանքները պետք է ցուցադրեմ տարբեր երկրներում եւ փոխեմ մարդկանց վերաբերմունքը ատելության հանդեպ»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE