Սերժ Թանկյանը Հայաստանում աջակցել է Էնթոնի Բուրդենի նկարահանումներին (ֆոտո)

12:30   21 հոկտեմբերի, 2017

CNN-ի հայտնի հաղորդավար, շոումեն եւ աշխարհահռչակ շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին հայաստանյան նկարահանումների ժամանակ աջակցել է Սերժ Թանկյանը: Այս մասին տեղեկանում ենք Թանկյանի Instagram-ում հրապարակված լուսանկարից, որը երաժիշտը մակագրել է այսպես.

«Շնորհակալ եմ Էնթոնի Բուրդեն, որ եկար Հայաստան եւ տեսար այն այնպիսին, ինչպին կա: Ինձ համար օրհնություն էր հատկապես այդ 1968 թ-ի Վոլգա 21 մահացու ավտոմեքենան վարելը»:

Բուրդենի հայաստանյան այցին անդրադարձել է նաեւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանը.

«Շնորհակալ եմ Սերժ Թանկյան, որ Էնթոնի Բուրդենին տարար քեզ հետ Հայաստան»,-Instagram-ի իր էջում գրել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հայտնի շոու-մենը Հայաստանում իրականացրել է իր Parts Unknown հաղորդաշարի նկարահանումները, եղել է նաեւ Արցախում եւ համտեսել ժենգյալով հաց, խորոված եւ ավանդական այլ ուտեստներ:

Էրիկ Էսրաելյանի հրապարակած լուսանկարի տակ Սերժ Թանկյանի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հաղորդաշարի տվյալ էպիզոդը եթերում կհայտնվի հաջորդ տարի:

Ի դեպ, այս առավոտ Թանկյանը մեկնել է Հայաստանից:



© NEWS.am STYLE