Ի՞նչ ֆիլմ դիտել շաբաթ երեկոյան. «Սիրելիի մարմնում». երբ դառնում ես «նա» (ֆոտո/վիդեո)

19:12   21 հոկտեմբերի, 2017

Այսօր շաբաթ է, ինչը նշանակում է՝ երեկոն կարելի է անցկացնել հետաքրքիր ֆիլմեր դիտելով: Եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ դիտել, կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի խորհուրդին: Իսկ մեր ընտրությունն այսօր կանգ է առել «Սիրելիի մարմնում»/Moglie e Marito իտալական կատակերգության վրա:

Ռեժիսոր Սիմոնե Գոդանոյի ֆիլմը ամուսիններ Անդրեայի եւ Սոֆիայի մասին է: Անդրեան տաղանդավոր բժիշկ է, որը տարված է գիտական փորձերով, իսկ Սոֆիան հայտնի հաղորդավարուհի է, որին վերջին շրջանում բախտ է վիճակվել հայտնի հաղորդում վարել:

Սկզբնական շրջանում ամուսինների ընտանեկան կյանքը հրաշալի էր: Սակայն ժամանակի ընթացքում նրանք սառում են միմյանց հանդեպ, քանի որ յուրաքանչյուրը տարված էր իր աշխատանքով եւ միմյանց համար ժամանակ չէին ունենում: Անդրեան համոզված է, որ ինքն ու Սոֆիան կկարողանան վերականգնել նախկին հարաբերությունները, եթե ի վիճակի լինեն հասկանալ միմյանց մտքերը: Այդ պատճառով նա ստեղծում է մի սարք, որի օգնությամբ նրանք պետք է փոխանակվեին միմյանց մտքերով: Սակայն փորձարկումը, մեղմ ասած, ձախողվում է: Ամուսինները ոչ թե փոխանակվում են մտքերով, այլ մարմիններով:

Սոֆիան հայտնվում է Անդրեայի մարմնում, Անդրան՝ Սոֆիայի: Շոկային իրավիճակում հայտնված ամուսինները մի քանի անգամ փորձում են նույն սարքի միջոցով վերականգնել իրենց նախկին մարմինները, սակայն փորձարկումները մեկը մյուսի հետեւից ձախողվում են: Արդյունքում՝ Սոֆիան եւ Անդրեան որոշում են թաքցնել ճշմարտությունը եւ փոխվել դերերով: Այժմ Սոֆիան պետք է ձեւացներ, թե հմուտ բժիշկ է, իսկ Անդրեան դառնար գեղեցիկ հաղորդավարուհի: Դերերի փոփոխման արդյունքում՝ ամուսինները մի շարք զվարճալի իրավիճակներում են հայտնվում: Կկարողանա՞ն, արդյոք, նրանք վերականգնել իրենց մարմիններն ու ի՞նչ դասեր կքաղեն ձախոված փորձից:

Մանրամասները բացահայտեք ֆիլմը դիտելով:

«Սիրելիի մարմնում» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Կասիա Սմուտնյակն ու Պիեռֆրանչեսկո Ֆավինոն:



© NEWS.am STYLE