Ինչպես մի լուսանկարը փոխեց փոքրիկ աղջկա կյանքն ու նպաստեց նրա բուժմանը

18:28   25 հոկտեմբերի, 2017

Երեւի բոլոր մարդկանց էլ ամենից շատ նյարդայնացնում է այն պահը, երբ արդեն վերջացրած ես լինում աշխատանքդ ու հանկարծ ինչ-որ նոր ու կարեւոր գործ է ծագում, որը ստիպված ես անել, քանի որ չես կարող հետաձգել հաջորդ օրվա:

Ահա այդպես Մելբուրնի բնակիչներից մեկը՝ մի լուսանկարիչ (նա նախընտրել է, որ պատմությունն անանուն լինի), արդեն պատրաստվում էր փակել իր ֆոտստուդիան եւ գնալ տուն, երբ հանկարծ աշխատասենյակի դուռը բացվում է, եւ ներս է մտնում մի կին: Լուսանկարիչն արդեն պատրաստվում էր հայտնել, որ աշխատանքային օրն ավարտել է, երբ կինն առաջ անցավ նրանից, իսկ հետո նա նկատեց մի փոքրիկ աղջկա՝ կնոջ ձեռքից բռնած:

«Ես գիտեմ, որ ֆոտոնկարահանում իրականացնելու համար Ձեզ մոտ պետք է ամիսներ առաջ գրանցվել, իսկ հիմա էլ արդեն փակվում եք, բայց իմ երեխան այդքան սպասել չի կարող...»:

Լուսանկարչին անչափ հուզում է երեխայի տեսքը՝ նրա մազերը թափված էին, տեսքը՝ գունատ,  իսկ քթից մի լար էր ամրացված, ինչից միանգամից պարզ էր դառնում, որ աղջիկն առողջական լուրջ խնդիրներ ուներ:

Մինչ լուսանկարիչը հայացքով զննում էր փոքրիկին, վերջինի մայրիկը բացատրում էր, որ դստերն անչափ տպավորել է ֆոտոստուդիայում արված լուսանկարներից մեկը, որում մի փոքրիկ աղջիկ միաեղջյուրի կերպարում էր: Իր դուստրն էլ ցանկություն էր հայտնել այդպիսի լուսանկար ունենալ:

«Իմ աշխատանքային ժամը միայն սովորական հաճախորդների դեպքում է սահմանափակ, իսկ ես մի ամբողջ օր սպասել եմ, որպեսզի լուսանկարեմ մի այսպիսի գեղեցիկ աղջկա»,-ասում է լուսանկարիչն ու անցնում գործի:

Երբ ֆոտոնկարահանումն ավարտվեց, փոքրիկն անմիջապես քնեց բազմոցին, իսկ լուսանկարիչն ու նրա մայրը ընտրում էին լուսանկարները, եւ քննարկում, թե ինչպես դրանք պետք է մշակվեն: Իսկ վերջում, չնայած կնոջ պնդմանը, նա ոչ մի գումար չի վերցնում լուսանկարների դիմաց:

Մի քանի ամիս անց լուսանկարիչը լուսանկարների մշակված տարբերակներն ուղարկում է աղջկա մայրիկին, սակայն ոչ մի պատասխան չի ստանում նրանից, եւ սկսում է անհանգստանալ: Մի քանի օր անց՝  նա արտասովոր այցելու է ունենում, որի դեմքն այնքան ծանոթ էր իրեն, սակայն ի տարբերություն նախորդ այցելության՝ աղջնակի աչքերը փայլում էին, այտերը վարդագույն էին, իսկ գլխին արդեն մազեր էին նկատվում… Լուսանկարների եւ դրանց շուրջ առաջացած արձագանքի շնորհիվ նա իրեն կրկին գեղեցիկ էր զգացել, ինչը դրականորեն ազդել էր նաեւ նրա բուժման վրա: Ու այդպես, արդեն 7 տարի շարունակ նրանք անբաժան են, եւ լուսանկարիչն ասում է.

«Նա դարձավ իմ աղջիկը: Եվ հիմա նա շատ է բարկանում, երբ ես իր՝ միաեղջյուրի կերպարով լուսանկարը ցույց եմ տալիս իր ընկերուհիներին, երբ նրանք գալիս են մեր տուն»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ EyeEm Premium, Getty



© NEWS.am STYLE