Մայքլ Ջեքսոնի զարմիկին կվճարեն փոփ արքայի երեխաներին խնամելու համար

14:07   22 ապրիլի, 2013

Լոս Անջելեսի Գերագույն դատարանը Մայքլ Ջեքսոնի զարմիկին՝ Թի-Ջեյ Ջեքսոնին ամենամսյա հատուցման որոշում է կայացրել, ով 2012 թվականի օգոստոսից փոփ-արքայի երեխաների խնամակալն է:

Ըստ Eonline-ի, 2009 թվականին Մայքլ Ջեքսոնի մահից հետո նրա անչափահաս երեխաների՝ Պրինցի, Փերիսի եւ Բլանքեթի խնամակալ էր նշանակվել մայրը՝ Քեթրին Ջեքսոնը: 2012 թվականի օգոստոսի 12-ին խնամակալ էր դարձել նաեւ երգչի զարմիկը՝ Թի-Ջեյ Ջեքսոնը: Օրերս Լոս Անջելեսի Գերագույն դատարանը, որը զբաղվում է Մայքլ Ջեքսոնի մահվան գործով, որոշում է կայացրել այն մասին, որ Թի-Ջեյը խնամակալի պարտականությունների համար ամեն ամիս 9 հազար դոլարի չափով հատուցում ստանա: Քեթրին Ջեքսոնի գնահատմամբ, Թի-Ջեյը խնամակալի պարտականությունների համար շաբաթական 60-80 ժամ է ծախսում: Նա կին եւ երեք երեխա ունի եւ չի կարող աշխատել, քանի որ ստիպված է շատ ժամանակ անցկացնել իր վախճանված հորեղբոր երեխաների հետ:



© NEWS.am STYLE