«Հայուհիներին համարձակություն եւ հանդգնություն է պակասում». ոճաբան Գոքո Քալայջյան

14:35   30 հոկտեմբերի, 2017

NEWS.am Style-ը ոճաբան-վարսահարդար Գոքո Քալայջյանի հետ զրուցել է աշխարհում սանրվածքների, նորաձեւ գույների արդիական թրենդների եւ այն մասին՝ արդյո՞ք հայուհիները պատրաստ են նորաձեւության փոփոխություններին:

Գոքո, ո՞րն է այս աշնան գլխավոր թրենդը:

Այսօր ամբողջ աշխարհում գլխավոր թրենդ են համարվում գունավոր մազերը՝ կարմիր, կապույտ, մանուշակագույն, երկնագույն, վարդագույն: Իհարկե, այս գույները ոչ բոլորին են սազում, եւ ամեն մեկը չէ, որ պատրաստ է նման համարձակ քայլի: Սկզբունքորեն անհրաժեշտ էլ չէ, որ բոլորը մազերը նման վառ գույներով ներկեն միայն այն պատճառով, որ դա նորաձեւ է: Հայաստանում այսպիսի երանգներով փորձեր կատարելու երկրպագուները սակավաթիվ են: Հայուհների շրջանում եզակի անհատներ չեն վախենում մազերը կանաչ կամ դեղին ներկել: Նրանք, ովքեր գերադասում են բնական գույները, նրանց այս աշնանը կարելի է հանդիպել մեղրագույնի, կարամելայինի, վառ պղնձագույնի կամ պլատինե շեկի երանգներով:

Այս տարի ո՞րն է արդիական՝ երկար մազերը, թե՞ կարճ կտրվածքը:

Վերջին մի քանի տարիներին համաշխարհային բոլոր ոճաբանները քարոզում են պարզ, ոչ բարդ, ոճային կտրվածքներն ու սանրվածքները՝ առանց պաճուճանքների: Մազերը կարող են ուղղակի արձակվել՝ թեթեւակի անխնամ սանրված, լինեն երկար կարե կամ էլ կարճ կտրված: Գլխավորը՝ սանրվածքը շատ չգզելն է, խոշոր խոպոպներով կամ մազափնջով չծանրաբեռնելը: Ցանկալի է, որ դեմքը մշտապես առավելագույնս բաց լինի, եւ սանրվածքն ընդգծի ձեր բնական գեղեցկությունը:

Հայ աղջիկները ո՞ր թրենդներին են նախապատվություն տալիս, մազերն ի՞նչ գույն են գերադասում ներկել:

Անհնար է չնշել, որ մենք ժամանակակից միտումներից հետ ենք մնում, որովհետեւ ժամանակակից թրենդները տեղացի գեղեցկուհիների շրջանում անչափ դժվար եւ երկար են արմատակալում: Մենք դեռեւս միայն հազիվ հասնում ենք նորաձեւության հետքին: Հայ աղջիկներն ավելի շատ նախընտրում են բարդ սանրվածքները, պերճ գզվածքը, խոշոր խոպոպները: Դրա փոխարեն հրաժարվել են երկար, խիտ մազափնջից, մազերն ավելի լավ են խնամում, իսկ շատերը պատրաստ են մազի գույներով փորձարկումներ կատարել: Օրինակ՝ հիմա ինձ դիմում են մազերը արծաթագույն կամ մոխրագույն ներկելու խնդրանքով, ինչպես Քիմ Քարդաշայանի կամ Դեյներիսի մազերն են: Մեր աղջիկները հիմնականում հետեւում են շոու բիզնեսի իրենց կուռքերին եւ փորձում են նրանց սանրվածքները կրկնել:

Ստացվում է, որ հայ աղջիկներն արմատական փոփոխությունների պատրա՞ստ չեն:

Կարելի նաեւ այդպես ասել: Մասնագետին լիովին վստահելու համար մեր աղջիկները համարձակության եւ հանդգնության պակաս ունեն: Շատ հաճախ վերահսկում են կտրված մազի յուրաքանչյուր սանտիմետրը: Պատրաստ չեն փորձարկումներ անել գույներով կամ կտրվածքով՝ մինչեւ մայրիկի, հայրիկի, եղբոր կամ քրոջ հետ չճշտեն՝ ինչ անեն կամ չանեն (ծիծաղում է):

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE