Տղամարդու մատնահարդարում Երեւանում

15:35   31 հոկտեմբերի, 2017

Վաղուց անցել են ժամանակները, երբ համարվում էր, որ իսկական տղամարդը պետք է կապիկից միայն մի քիչ գեղեցիկ լինի: Այսօր տղամարդն իր արտաքինին պակաս ուշադրություն չի դարձնում, քան մարդկության գեղեցիկ կեսը: Մեր օրերի հայ մաչոն, այո՛, չի նողկում ձեռքերի եւ ոտքերի մատնահարդարումից: Մենք որոշեցինք տղամարդկանց սրահի մատնահարդարման վարպետ Լիանա Սամսոնյանի հետ զրույցում պարզել, թե ինչ է ներկայացնում տղամարդու մատնահարդարումը, որքան արժե նման միջամտությունը:

Հայ մաչոներին չի՞ շփոթեցնում «մատնահարդարում» բառը:

Մեր տղամարդիկ շատ են սիրում իրենց խնամել, սա հեղինակության հարց է: Վերջապես նրանք հասկացել են, որ մատնահարդարումը նույնպիսի պարտադիր միջամտություն է, ինչպիսին մազերի եւ մորուքի խնամքն է: «Մատնահարդարում» բառը նրանց սկզբում վախեցնում է, նրանք այն շփոթում են լաքի հետ: Այսինքն՝ նրանց պատկերացմամբ մատնահարդարումը եղունգներին գունավոր լաք քսելն է: Սակայն նրանք հասկացել են, որ այս միջամտությունը ներառում է միայն եղունգների մաքրումն ու ողորկումը: Երբեմն կարելի է եղունգները մշակել անգույն լաքով փայլի համար, սակայն մեր տղամարդիկ դա չեն անում:

Համաձա՞յն եք, որ միջին վիճակագրական հայը, այնուամենայնիվ, մատնահարդարման չի հաճախի:

Այո, իհարկե: Ամեն հայ տղամարդ չի համաձայնվի եղունգները խնամել մատնահարդարի մոտ: Շատերի համար սա խայտառակություն եւ ամոթալի է: Սակայն ամեն ինչ զարգանում է ու առաջ ընթանում, եւ աստիճանաբար մեծանում է այն տղամարդկանց թիվը, ովքեր  հասկանում են, որ այս միջամտության մեջ դատապարտելի ոչինչ չկա:

Նրանց չի՞ շփոթեցնում այն փաստը, որ կին է մանիկյուր եւ պեդիկյուր անում:

Բացարձակ: Նրանց դուր է գալիս, որ իրենց կին է խնամում: Դրանից բացի, Երեւանում չեք գտնի տղամարդ վարպետի: Մատնահարդարման ծառայությամբ զբաղվում են բացառապես կանայք:

Տղամարդու ձեռքերի եւ ոտքերի մատնահարդարումը կանացիից տարբերվո՞ւմ է:

Ո՛չ, ոչ մի տարբերություն չկա: Ամեն ինչ ճիշտ նույն կերպ է կատարվում, ինչպես կանանց եղունգները մաքրելու դեպքում: Մշակման սկզբունքը նույնն է, նույն կերպ կտրում ենք կուտիկուլը, ձեւը խարտում եւ ողորկում: Ի դեպ, անհրաժեշտ է նշել, որ տղամարդկանց եղունգներին կուտիկուլը շատ բարակ է: Գործիքները եւս նույնն են՝ մատնահարդարման ստանդարտ հավաքածու: Հաճախորդներից շատերը գալիս են իրենց հարմարանքներով: Որքան էլ տարօրինակ է, տղամարդիկ ստերիլության հարցում ավելի բծախնդիր են: Նրանք մշտապես ստուգում են՝ արդյոք գործիքները մշակվել են, հասցրել են աշխատանքային տեղն ախտահանել նախորդ հաճախորդից հետո, արդյոք շուրջբոլորը մաքուր է... Հայ տղամարդիկ այս հարցերում շատ ուշադիր ու բծախնդիր են:

Նրանք պատրա՞ստ են իրենց ընկերներին հրապարակավ հայտարարել, որ մատնահարդարման են հաճախում, թե՞ այս փաստը թաքցնում են:

Ես նկատել եմ, որ իմ հաճախորդներից ոմանք թաքցնում են, որ մատնահարդարման են հաճախում: Հեռախոսով շփվելիս նրանք մշտապես իրենց գտնվելու վայրի մասին չեն հայտնում: Հավանաբար, պատճառն, այնուամենայնիվ, բարդույթներն են, որոնք մենք դեռեւս չենք հաղթահարել: Սակայն կան նաեւ այնպիսի տղամարդիկ, որոնք հանգիստ պատասխանում են, որ նստած են մատնահարդարի կաբինետում:

Իսկ տղամարդկանց սրահում որքա՞ն արժեն այս միջամտությունները:

Տղամարդու ձեռքերի մատնահարդարումն արժե 6 հազար դրամ, իսկ ոտքերինը՝ 12 հազար դրամ:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE