Երեւանի TOP 4 բարբերշոփերը

12:35   6 նոյեմբերի, 2017

Երեւանում միակ վայրը, որտեղ տղամարդիկ կարող են հանգստանալ, առանձնանալ եւ չլսել կանանց խոսակցությունները, բարբերշոփն է: NEWS.am Style-ն ընտրել է տղամարդկանց լավագույն սրահները, որտեղ հմտորեն են օգտագործում վտանգավոր սայրը, կարճացնում են մորուքն ու մատնահարդարում անում:

Firm

Տղամարդկանց վարսավիրանոցների այս ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքի մեծ թվով քաղաքներում: Հաստատությունը մյուսներից տարբերվում է իր խստաոճ՝ զուտ տղամարդկային ինտերիերով: Այստեղ տղամարդիկ կարող են սափրվել, մազերը կտրել, մորուքը կարճացնել: Հաստատության հաճախորդներին անվճար վիսկի, թեյ, սուրճ, գարեջուր եւ սեփական ռադիոյի հրաշալի երաժշտություն է առաջարկվում: Ի դեպ, վարպետի մոտ կարելի օնլայն գրանցվել, ինչն անչափ հարմար է: Սրահում մազերի, մորուքի խնամքի միջոցներ են վաճառվում եւ սափրվելու գործիքներ: Firm-ում կտրվածքը 8 հազար դրամ արժե, իսկ մորուքի շտկումը՝ 5 հազար դրամ: Էժան հաճույքներից չէ, բայց մեր օրերում գեղեցկությունը թանկ արժե:

Rof

Հաստատությունն ընդամենը մեկ տարի է գործում, սակայն հաճախորդներին ուրախացնում է որակով իրականացվող ծառայություններով, որոնց թվում են՝ կտրվածքը, սանրվածքը, մորուքի շտկումը, կոսմետոլոգիան, նույնիսկ ձեռքերի եւ ոտքերի մատնահարդարումը: Մինչ իրենց հերթը հասնելը, հաճախորդները կարող են հեռուստացույց դիտել, խաղային հավելվածներ կամ շախմատ խաղալ, վիսկի խմել, սուրճ ըմպել: Մի խոսքով, դրախտ տղամարդկանց համար: Հաստատությունում կա հազվագյուտ սառնարան, դաշնամուր: Այստեղ ամեն ինչ նախատեսված է այն նպատակի համար, որ տղամարդիկ իրենց խնամքից հաճույք ստանան: Կտրվածքի գները նույնն են, ձեռքերի մատնահարդարումն արժե 6 հազար դրամ, ոտքերինը՝ 12 հազար:

Dude's

Տղամարդկանց լավ վարսավիրանոցը ոչ միայն որակով կտրվածքի համար է, այլ նաեւ վայր է, որտեղ քեզ սիրալիր են դիմավորում, հյուրասիրում են համեղ սուրճով, ռոմով եւ ձեռքդ են սեղմում: Dude's-ը հենց այն վայրն է, որտեղ տղամարդը կարող է հաճույք ստանալ գործընթացից: Այս հաստատություն մտնելիս առաջին բանը, որ աչքի է զարնում, փոքրիկ գունավոր սառնարանն է, պատից կախված հեծանիվը, սեղանի ֆուտբոլը: Այն ամենն, ինչ տղամարդուն անհրաժեշտ է՝ ուտել, խաղալ եւ իրեն կարգի բերել: Ծառայությունների սպեկտորն այնքան էլ լայն չէ, ձեր մազերը կկտրեն 6 հազար դրամով, մորուքին ձեւ կտան 4 հազարով, իսկ կսափրեն 5 հազար դրամով:

G.K. Barber Shop

Սա Երեւանում բացված առաջին դասական բարբերշոփերից է: Հաճախորդներին սպասարկում է ինքը՝ հաստատության հիմնադիրը: Նրա աշխատանքը նման է վիրաբուժական վիրահատության՝ կողքին կանգնած է օգնականը, որը գործիքներն է փոխանցում: Սրահի ինտերիերն ավելի շատ ինչ-որ ժամանակ մոռացված իրերի թանգարան է հիշեցնում՝ հին փոստարկղ, հակագազեր, խորհրդային պաստառներ, հին սնդուկ, ավտոպահեստամասի տեսքով լվացարանակոնք… Այստեղ վիսկի, ռոմ, սուրճ չեն մատուցում, փոխարենը ծառայության գները զգալիորեն ցածր են: Կտրվածքը 3 հազար դրամ արժի, մորուքի շտկումը՝ 2 հազար:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE