Ինչո՞ւ է հայերի մաշկը յուղոտ. պատասխանում է բժիշկ-կոսմետոլոգը

14:45   8 նոյեմբերի, 2017

Տարածված կարծիք է, որ Հայաստանի բնակիչների մեծ մասը յուղոտ մաշկ ունի: NEWS.am Style-ը կոսմետոլոգ բժիշկ Զվարթինե Միրզոյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս իրականում այդպես է եւ ինչո՞վ է սա պայմանավորված:

Հստակ վիճակագրություն չկա, որ բոլոր հայերի մաշկը յուղոտ է: Սակայն եթե համեմատենք հյուսիսային բնակիչների հետ, ապա, իհարկե, մեր մաշկն առավել ենթակա է ճարպագեղձերի առատ արտադրությանը: Սա մի քանի գործոններով է պայմանավորված: Յուղոտ մաշկ ավելի հաճախ ունենում են հարավային ժողովուրդները, քանի որ մշտական շոգը եւ բարկ արեւը նպաստում են քրտնարտադրությանը, եւ ավելի շատ մաշկային ճարպ է արտադրվում:

Յուղոտ մաշկի հիմնական պատաճառներից է նաեւ ժառանգականությունը, հորմոնալ անհավասարակշռությունը, աղեստամոքսային համակարգի հիվանդությունները: Այս խնդրի պատճառ կարելի է համարել նաեւ մաշկի սխալ խնամքը, յուղոտ սնունդ օգտագործելը, որը հատուկ է հայկական խոհանոցին:

Ի՞նչ կարեւոր բան պետք է իմանան մաշկի այսպիսի տեսակ ունեցողները: Ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ, հնարավոր է, մաշկի վիճակն ավելի վատթարացնել: Յուղոտ մաշկն անչափ «քմահաճ» է, մասնագիտական եւ տնային մշտական խնամք է պահանջում, որը մասնագետը կնշանակի:

Բուժումը սկսելու համար բժիշկ-կոսմետոլոգը նախ պետք է պարզի այս խնդրի առաջացման պատճառները: Կարեւոր է սննդակարգի վերանայումը, քնի կարգավորումը, ավելի մեծ քանակությամբ ջուր խմելը եւ, իհարկե, այն ճիշտ խնամելը: Այս գործընթացում ամենակարեւորը համալիր գործելն է:

Յուղոտ մաշկի համար ցուցված են պիլինգի տարբեր տեսակներ, որոնք անցքերը նեղացնում են, կարգավորում են ճարպագեղձերի արտադրությունը, վերացնում են բշտիկացանը: Անհրաժեշտ է փոխել խնամքի միջոցները: Հրաժարվեք սպիրտ պարունակող տոնիկներից, գելերից ու մուսերից, կրեմներից: Նման միջոցները վնասում են էպիդերմիսը եւ մաշկը չորացնում՝ հրահրելով ճարպի լրացուցիչ արտադրություն: Լվացվեք հոսող ջրով՝ մուս օգտագործելով, այնուհետեւ անհրաժեշտության դեպքում մաշկը տոնուսավորեք եւ խոնավացրեք: Որոշ ժամանակ անց դուք կնկատեք, թե մաշկն ինչպես է փայլում եւ անհամեմատ ավելի առողջ տեսք ստանում: Ի դեպ, յուղոտ մաշկը միայն ամբողջովին բացասական չէ, այն շատ դրական կողմեր ունի: Իսկ դրանցից մեկն էլ այն է, որ նման մաշկի վրա ծերացման նշաններն ուշ են հայտնվում:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE