«Ինձ հաճախ են ասել՝ ծախված ես». Հրանտ Թոխատյանը՝ «Մեա Կուլպա»-ի ուղերձի մասին

10:06   26 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ռեժիսոր Արթուր Սահակյանի «Սիրով՝ ապագայից կամ Մեա Կուլպա 2» ներկայացման հերթական ցուցադրությունը, որին հրավիրված էին նաեւ լրագրողները:

Ինչպես պարզ է դառնում վերնագրից՝ ներկայացման իրադարձությունները տեղի են ունենում ապագայում՝ ավելի կոնկրետ՝ 2026 թ-ին:

«Մեա Կուլպան» ունի քաղաքական-հասարակական ուղղվածություն, ներկայացված են հասարակության եւ երկրի համար արդի խնդիրներ, որոնք առկա են նաեւ ապագայում: Ներկայացման երկրորդ հատվածում գործողությունները տեղի են ունենում 2091 թ-ին՝ նոր ղեկավար եւ բարեփոխված Հայաստան:

Գլխավոր դերերում հանդես են եկել Հրանտ Թոխատյանը, Սամսոն Ստեփանյանը, Լեւոն Հարությունյանը, Արա Սարգսյանը, Իրինա Դանիելյանը, իսկ Ջուլիետա Ստեփանյանին հանդիսատեսը կտեսնի բոլորովին նոր ու հետաքրքիր կերպարով:

Ներկայացումից հետո ստեղծագործական կազմը լրագրողների հետ խոսեց բեմականացման ուղերձի մասին:

«Եթե ամեն մեկը զգա իր մեղքը, ոչինչ չի լինի այնպես, ինչպես հիմա է: Ներկայացման մեջ ապագայի ղեկավարի կերպարը դրա համար էր ներկայացված: Դա այն երազանքն է, որին ցանկանում ենք հասնել: Սա ուղերձ կամ կոչ չէ՝ ոչ մեծահարուստին, ոչ նախագահին, ոչ վարչապետին, այլ ամեն մեկին՝ որպես Հայաստանի քաղաքացի:

Ինձ հաճախ են ասել՝ ծախված ես. միշտ ցանկացել եմ հասկանալ, թե ինչումն է այդ ծախվածությունը: Ինձ ժողովրդական արտիստի կոչումը ոչ մի առավելություն չի տալիս. ոչ ապրուստս է ձրի, ոչ էլ կոմունալ ծախսերից եմ զերծ: Ինչպես ապրել եմ, այնպես էլ շարունակում եմ ապրել»,-նշեց Հրանտ Թոխատյանը:

Դերասանը կարծում է, որ պետք չէ մեղավորներ փնտրել այն ամենում, ինչ կատարվում է մեր երկրում. գլխավոր մեղավորը հենց մենք ենք.

«Այն, ինչ կատարվում է ինձ հետ իմ ընտանիքում, իմ ու իմ ընտանիքի մեղքն է, նույնը՝ երկրի մասշտաբով: Այն, ամենում, ինչ կատարվում է մեր երկրում, իմ մեղավորության չափաբաժինն էլ կա, ուրեմն՝ ինչ-որ մի բան այն չեմ արել: Մենք իրար չենք լսում»,- եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE