«Փոստանջյանն ուզի, թե՝ ոչ, Կանազում դպրոց լինելու է». Հրանտ Թոխատյան

01:22   26 հոկտեմբերի, 2017

«Մարդ պետք է բարբարոս լիներ այդ շենքը այդ վիճակին հասցնելու համար»,- այսօր «Մեա Կուլպա 2» ներկայացումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Թոխատյանն՝ անդրադառնալով Կանազի մշակույթի պալատի շուրջ ստեղծված աղմուկին:

Դերասանի խոսքով՝ իր երազանքն է այդտեղ դպրոց ստեղծել եւ նա ամեն ջանք կգործադրի, որպեսզի հասնի իր նպատակին.

«Կանազի մշակութային տունը Կանազ գործարանի վաճառքից հետո մնացել էր անտեր: Մեր չինովնիկներից մեկի կողմից այն հանձնվել էր իր ընկերներից մեկին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բաներ անել՝ չստացվեց, հետո այդ տարածքը վաճառել են, հետո այդ մեկը վաճառել է ինչ-որ մեկ ուրիշին: Դա նույնն է, ինչ ես հիմա որոշեմ ռուսական թատրոնը վաճառել ձեզ՝ դրա վրա որեւէ իրավունք չունենալով: Իմ երազանքն է միշտ եղել ունենալ մանկական թատերասկան դպրոց եւ թատրոն: Մենք ուզում ենք այդ շենքը խելքի բերել: Այդ շենքը ոչ-ոքին նվեր չի տրվել, դա պետական շինություն է: Ես դիմել եմ վարձակալության, ինձ բացատրել են, որ պետք է դիմում գրվի: Ես դիմել եմ 99 տարով»,- պարզաբանեց Թոխատյանը:

Նար լրագրողներին կոչ արեց գնալ եւ տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում շենքն այսօր.

«Մարդ պետք է բարբարոս լիներ այդ շենքը այդ վիճակին հասցնելու համար: Ներսում ոչինչ չկա: Ես չգիտեմ՝ ինչու է այս աղմուկը բարձրացել: Ես ունեմ այն միջոցներն ու ընկերները, որոնք պատրաստ են ամեն ինչ անել այդ դպրոցի համար, ներդրում դնել իմ երազանքի մեջ՝ ընդ որում չսպասելով ակնկալիք: Այդ գումարը ես կգտնեմ, կներդնեմ, ու այդ դպրոցը կլինի, ուզի դա Փոստանջյանը, թե՝ ոչ, ինձ դա բոլորովին չի հետաքրքրում: Եթե այնտեղ աշխատի բենզալցակայան, ռեստորան կամ խաշանոց, կգաք եւ կասեք՝ ամոթ Ձեզ: Սա առաջին անգամն է, երբ որ ես ինքս եմ ներկայացնելու այս նախագիծը ավագանուն»:



© NEWS.am STYLE