«Ես հավատում եմ, որ գեղեցիկ եմ». այրված դեմքով աղջկա կոչը՝ իրենց տգեղ համարող աղջիկներին

18:35   1 նոյեմբերի, 2017

Ինդիա Գեյլն ընդամենը 3 տարեկան էր, երբ դժբախտ պատահարի պատճառով նրա զգեստն այրվեց, ինչի հետեւանքով նրա մարմնի 40% սպիերով պատվեց: Հիմա նա 18 տարեկան է, եւ այրված դեմքով ապրում է մի աշխարհում, որտեղ բոլորը տարված են գեղեցիկ արտաքինով:

«Հաճախ եմ նկատում, որ սոցիալական ցանցերում շատ աղջիկներ իրենց քննադատում են, տգեղ համարում, այն դեպքում, երբ իրականում ոչ մի խնդիր չունեն: Ինձ մտահոգում է այն փաստը, որ այժմ նորաձեւ է համարվում սեփական անձդ ատելը: Գեղեցիկ աղջիկներն իրենց տգեղ են համարում, ինչն անընդունելի է, քանի որ հաճախ իրենք էլ չեն հասկանում, թե որքան հաջողակ են իրականում: Կարծում եմ՝ իմ սերնդի աղջիկների շրջանում սեփական արտաքինն ատելը թրենդային է դարձել, եւ ես նաեւ կարծում եմ՝ պետք է փոխել նման մտածողությունը»,-ասում է Ինդիան, որն իր պատմությամբ ցանկանում է առաջին քայլն անել այդ փոփոխության համար: Իր հաղորդագրությունն ավելի հասանելի դարձնելու համար վերջերս Ինդիան մասնակցել է գովազդային մի արշավի՝ լուսանկարվելով ամսագրերից մեկի շապիկի համար:

«Instagram-ում հաճախ կարելի է տեսնել 15 տարեկան աղջիկների՝ լցրած շուրթերով, ընդգծված հետույքով եւ վառ դիմահարդարմամբ: Այդ նկարներից շատերը ֆոտոշոփի արդյունք են, բայց դա էլ է գալիս նրանից, որ աղջիկներին դուր չի գալիս իրենց արտաքինը»,-ասում է Ինդիան: Նա կարծում է, որ եթե մեդիան ավելի հաճախ անդրադառնա իրականում արտաքին թերություններ ունեցող մարդկանց, աղջիկների եւ կանանց համար ավելի պարզ կդառնա, թե որն է իրական գեղեցկությունը, եւ որ պետք է այն գնահատել:

«Ես մի բան եմ հասկացել, որ եթե ինքս իմ արտաքինով ինքնավստահ լինեմ, դիմացիններս նույնպես ինձ այդպիսին կտեսնեն: Մեծանալով՝ ես հասկացա, որ չեմ ցանկանում ողջ կյանքս ապրել՝ բարդույթավորվելով իմ սպիերի պատճառով: Ես որոշեցի ընդունել, որ դրանք իմ արտաքինի մի մասն են եւ դրանց շնորհիվ եմ ես այնպիսին, ինչպիսին կամ այսօր: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն՝ ես տգեղ եմ, այդ պատճառով էլ թաքնվում եմ հասարակությունից: Ես հավատում եմ, որ գեղեցիկ եմ»,-ասում է նա:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Fixers



© NEWS.am STYLE