«Ուղղակի չեմ հանձնվում». Հասմիկ Շիրոյանը երկրորդ անգամ կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին

13:32   4 նոյեմբերի, 2017

Ուկրաինանան «Ձայնը» նախագծից հայտնի երգչուհի եւ «Դեպի Եվրատեսիլ»-ի առաջին եթերաշրջանի մասնակից Հասմիկ Շիրոյանը երկրորդ անգամ կփորձի իր ուժերը մրցույթում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչպես որոշեց կրկին մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին եւ ինչ ակնկալիքներ ունի մրցույթի նոր եթերաշրջանից:

«Ուղղակի չեմ հանձնվում: Ասեմ ավելին՝ ինձ դուր եկավ այս տարվա «Դեպի Եվրատեսիլ»-ի ֆորմատը, եւ ես մտածեցի հարցնել երկրպագուներիս՝ մասնակցե՞մ, թե՞ ոչ: Տեսնելով, որ բավականին դրական արձագանքներ կան՝ որոշեցի այս տարի էլ մասնակցել»,-ասում է նա.

«Միշտ էլ քաղում եմ դասեր կյանքի տարբեր փուլերից, հաշվի եմ առնում ու մտապահում բոլոր նրբությունները, բայց նախընտրում եմ կենտրոնանալ իմ ուժեղ կողմերի վրա, կատարելագործվել ու առաջ գնալ»,-անդրադառնալով մրցույթի առաջին եթերաշրջանից ձեռք բերած փորձին՝ նշեց երգչուհին՝ հավելելով.

«Ելույթիս հետ կապված փակագծերը դեռ չեմ կարող բացել, բայց անելու եմ ամեն բան հանդիսատեսին տպավորելու համար: Ինձ հետ կլինի Աստված եւ ինքս. դա առաջին տեղում, իսկ նախագծի ամբողջ ընթացքում ինձ հետ է լինելու իմ թիմը՝ երկրպագուներս, հարազատներս եւ ընտանիքիս անդամները: Փորձելու եմ մաքսիմում անկեղծ լինել իմ հանդիսատեսի հետ եւ մեծ էներգիա փոխանցել բեմից: Տարբերություն միանշանակ կլինի: Շատ հետաքրքիր ելույթ է նախատեսվում, որն արդեն կտեսնեք շոուի ժամանակ»:

Խոսելով մրցույթում իր հաղթանակի հավանականության մասին՝ Հասմիկն ասում է.

«Ի սկզբանե բոլորն ունեն 100% հաղթելու հավանականություն, այլ հարց է, թե ով որքան կօգտագործի այն: Դա արդեն մրցույթը ցույց կտա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Շիրոյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE