«Այս երգը ներկայացնում է իմ կյանքից մի իրավիճակ». բելգիահայ երգչուհի KeyOh-ը՝ նոր տեսահոլովակի մասին

14:36   6 նոյեմբերի, 2017

Բելգիահայ հայտնի երգչուհի KeyOh-ը երեկ երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է Love or curse/«Սիրել կամ ատել» երգի հիման վրա: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչու է որոշել այդպիսի թեմայով երգ երգել, եւ թե որքանով է ստեղծագործությունը մոտ իր հոգեվիճակին.

«Ինչպես սովորաբար, այս անգամ էլ, երգը ինքս եմ հեղինակել՝ համագործակցելով պրոդյուսեր Գայ Ուակուի հետ: Love or curse երգի վերջնական պրոդյուսինոգով զբաղվել են նաեւ Քրիս Թոնինոն եւ ամուսինս՝ Ջեյսոնը: Այս երգը ներկայացնում է իմ կյանքից մի իրավիճակ: Իհարկե, ոչ բոլոր երգերս են հիմնված սեփական ապրումներիս վրա, բայց այս մեկը ունի նման պատմություն: Ցավոք սրտի՝ շատ աղջիկներ ունենում են ոչ այնքան հաջող սիրային հարաբերություններ, եւ ինչ-որ համընկնումներ կտեսնեն այս երգի մեջ: Ահա, թե ինչու որոշեցի տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա՝ ցույց տալով իմ էմոցիաները երաժշտության միջոցով եւ վիզուալ: Բացի այդ՝ ես երբեք ոչ մի երգ առանց տեսահոլովակի չեմ ներկայացնում: Ուզում եմ, որ երկրպագուներս աշխատանքս լիարժեք վայելեն»,-ասում է նա:

Love or curse տեսահոլովակի որոշ հատվածներ նկարահանվել են Լոս Անջելեսում, որոշ տեսարաններ՝ Բելգիայում: Ռեժիսորը հենց ինքն է՝ KeyOh-ը, իսկ օպերատորը Ալան Ջոնգենն է:

«Իհարկե, դժվար է, երբ միշտ ինքդ ես ամեն ինչով զբաղվում, բայց ես սիրում եմ ամեն ինչ կառավարել (ծիծաղում է)»:

Երգչուհին անդրադարձավ նաեւ տեսահոլովակում իր կերպարներին.

«Այս տեսահոլովակի համար տարբեր կերպարներ ենք ընտրել՝ գլամուրային, casual, սպորտային եւ մի քիչ էլ սեքսուալ: Համագործակցել եմ այն մարդկանց հետ, որոնք ինձ ոչ միայն շատ լավ են ճանաչում, այլեւ սիրում են իմ երաժշտությունն ու հավատում կարողություններիս»,-եզրափակեց հայուհին:

Սյունե Առաքելյան

                                                                                                               Լուսանկարները՝ KeyOh-ի Facebook-ի էջից


© NEWS.am STYLE