Ինչպես ճիշտ սնվել աշնանը. դիետոլոգի խորհուրդները

14:05   16 նոյեմբերի, 2017

Իմունիտետի ամրապնդմանն ու առողջության պահպանմանը կօգնի աշնանային հավասարակշռված սնունդը: NEWS.am Style-ը մայրաքաղաքի կլինիկաներից մեկի դիետոլոգի հետ զրուցել է այն հարցի շուրջ, թե ինչ է պետք պարտադիր ընդգրկել սննդակարգում եւ երբ պատրաստվել քնելու:

Տարվա ցուրտ եղանակին մեր օրգանիզմն ավելի շատ կալորիայի կարիք ունի տաքանալու համար: Այդ պատճառով աշնանը հակվում ենք տաք ճաշատեսակներին, ըմպելիքներին, որոնք մեզ տաքացնում են եւ լրացնում ծախսած էներգիան: Հետեւաբար՝ սննդակարգի մեջ պետք է ներառել մսամթերք, ձուկ, բանջարեղենի ապուրներ, տարբեր ձավարեղեն, խաշած բանջարեղեն, սխտոր, սոխ, թեյ, կակաո: Թվարկված բոլոր մթերքները պետք է օգտագործել տաք կամ գոլ վիճակում: Ճաշատեսակների մեջ անպայման ընդգրկեք սեզոնային մթերքներ՝ դդում, սերկեւիլ, խուրմա, նուռ, խնձոր, ցիտրուսայիններ, գազար, բազուկ, կաղամբ: Դրանց ուշադրություն դարձրեք հենց հիմա, քանի որ ձմռանը նույն քանակությամբ վիտամիններ չեն պարունակի:

Աշնանը կարելի է համարձակորեն պատրաստվող կերակուրին տարբեր համեմունքներ ավելացնել, որոնք ճաշատեսակին նուրբ համ կհաղորդեն եւ կամրացնեն ձեր իմունիտետը: Սննդակարգին կոճապղպեղ, քրքում, դափնու տերեւ, դարչին, սեւ եւ կարմիր պղպեղ հավելեք: Դրանք հակաբորբոքային էֆեկտով են օժտված եւ կօգնեն խուսափել սեզոնային վիրուսներից:

Տարվա այս եղանակին հայկական ճաշատեսակներից շատ արդիական եւ օգտակար են ղափաման, թանապուրը, սերկեւիլով դոլման, խաշած ավելուկը եւ եղինջի ապուրը:

Անչափ կարեւոր է նաեւ օրվա ռեժիմի կարգավորումը: Քանի որ օրը կարճացել է, իսկ գիշերը երկարել, ցանկալի է արթնանալ առավոտյան ժամը 6-ին, իսկ քնել երեկոյան ժամը 10-ին: Ճիշտ քունը կօգնի կարգավորել հորմոնալ ֆոնը, օրգանիզմին թույլ կտա լրացնել էներգիայի կորուստը եւ բարելավել մաշկի վիճակը:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE