Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման արարողությունն ու մեդալակիրները (ֆոտո/վիդեո)

22:10   6 նոյեմբերի, 2017

Այսօր՝  նոյեմբերի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ  Հայ ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը մեդալներ շնորհեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին, կոմպոզիտորներ Ստեփան Շաքարյանին, Վարդ Մանուկյանին, Արմեն Բուդաղյանին եւ Սուրեն Զաքարյանին:

Երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մարտուն Իսրայելյանի, Նուբար Ասլանյանի, Լեւոն Չաուշյանի  եւ Արամ Սաթյանի վոկալ սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Եղան նաեւ պրեմիերաներ: Փառատոնի շրջանակներում տոնվեց նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակը:

«Կոմպոզիտորների միությունը դեռ 85 տարեկան է, եւ դեռ շատ անելիքներ ունի: Ես սա համարում եմ երիտասարդ տարիք, քանի որ կոմպոզիտորական դպրոցն ամբողջ աշխարհում ավելի քան 500 տարեկան է: Կարծում եմ՝ դեռ շատ անելիքներ ունենք, եւ մեր կոմպոզիտորական դպրոցն անընդհատ պետք է զարգանա»,-լրագրողների հետ զրույցում նշեց միության նախագահ Արամ Սաթյանը:

Հայ ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնն անցկացվում է 2014 թ-ից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի միջոցառման մեկնարկը տրվել է սեպտեմբերի 16-ին:  Փառատոնը բաղկացած էր 10 համերգից, որոնցում ընդգրկված էին ամենատարբեր ժանրերի ավելի քան 80 ստեղծագործություններ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE