«Ուզում եմ երեկույթ կազմակերպել տիեզերքում». Դեւիդ Գետան նշում է ծննդյան 50-ամյակը (ֆոտո/վիդեո)

17:25   7 նոյեմբերի, 2017

Ֆրանսիացի աշխարհահռչակ դիջեյ եւ պրոդյուսեր Դեւիդ Գետան այսօր՝ նոյեմբերի 7-ին, նշում է ծննդյան 50-ամյակը: Գետայի ցանկացած նոր ստեղծագործություն տարբերվում է իր բիթերով, իսկ ցանկացած համագործակցություն՝ վերածվում հիթի:

Հենց այդ հիթերի ներքո էլ առաջարկում ենք ընթերցել հայտնի դիջեյի արտահայտած մտքերից մի քանիսը:

«Որպես պրոդյուսեր մենք պետք է ամեն ինչ անենք, որ երաժշտությունը հնչի հնարավորինս լավ»:

«Այն, ինչ ես ստեղծում եմ, սկզբում ընկալում եմ որպես դիջեյ, հետո եմ միայն նայում պրոդյուսերի աչքերով»:

«Ես սա չեմ անում հանուն փողի կամ լավ վաճառքի: Ես ուղղակի ուզում եմ ստեղծել բիթեր»:

«Ես հիշողությունների գիրկն ընկնող մարդ չեմ: Միշտ առաջ եմ նայում: Անհամբերությամբ եմ սպասում, թե ինչպիսին պետք է լինի իմ հաջորդ ստեղծագործությունը»:

«Իմ ստուդիան նոթբուքն է: Ես համակարգչային երաժշտություն եմ ստեղծում: Մենք համակարգչային սերունդ ենք»:

«Ուզում եմ երեկույթ կազմակերպել տիեզերքում, որովհետեւ ես այլմոլորակայինների համար եմ երաժշտություն ստեղծում»:

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք ապրում են վախի մեջ: Ես լավատեսորեն եմ նայում ամեն ինչին»:

«Երբ շատ հանգստացած ես լինում, դա այնքան էլ լավ չէ ինչ-որ բան ստեղծելու համար»:

«Աշխարհում տարբեր ժանրեր կան, բայց երբ R&B-ն, փոփը, հաուսն ու էլեկտրոնային ոճերը միաձուլվում են, ստեղծվում է երաժշտական իրականություն»:

«Հաջողությունն ինձ թույլ է տվել լինել բեմում, աշխատել տաղանդավոր մարդկանց հետ, բայց ինձ համար դա մի փոքր տարօրինակ բան է»:



© NEWS.am STYLE