Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի բացման արարողությունն ու Բորիս Գրաչեւսկու խոստովանությունը (ֆոտո/վիդեո)

10:30   8 նոյեմբերի, 2017

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երեւանում մեկնարկեց Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որն այս տարի անց է կացվում 13-րդ անգամ. այն տեւելու է մինչեւ նոյեմբերի 11-ը:

Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնին մասնակցում են տարբեր երկրների ֆիլմեր, որոնց թվում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ավստրիան, Գերմանիան, Հունգարիան, Հնդկաստանը, Նիդերլանդները, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Իսպանիան:

Փառատոնի բացումը նշանավորվեց մանկապատանեկան համույթների ելույթներով, ինչպես նաեւ «Երալաշ» մանկապատանեկան նախագծի գեղարվեստական ղեկավար, ռուս հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ Բորիս Գրաչեւսկու ներկայությամբ:

«Ինձ համար Հայաստան գալը տոն է: Նախ՝ առիթն է մասնագիտական. սա մանկապատանեկան ֆիլմերի փառատոն է, իսկ «Երալաշը» մանուկների համար նախատեսված նախագիծ է: Ամեն անգամ այստեղից հեռանալուց անհամբեր սպասում եմ, որ կրկին գա նոյեմբերն ու վերադառնամ: Արդեն 43 տարի է՝ ես եւ իմ կոլեգաներն աշխատում ենք «Երալաշ» նախագծում: Շատ կարեւոր է նաեւ այն փաստը, որ նախագծի գլխավոր տնօրենը Արկադի Գրիգորյանն է: Անցած անգամ, երբ այստեղ էինք՝ ներկայացնելու մեր նախագիծը, դահլիճում, իհարկե, հնչեցին ծափահարություններ, իսկ երբ տիտրերում հայտնվեց նրա անունը, ամբողջ դահլիճը թնդաց ծափահարություններով: Այդ օրվանից սկսած՝ ես առանց նրա չեմ գալիս Հայաստան»,-իրեն բնորոշ հումերով նշեց Գրաչեւսկին:

Ի դեպ, փառատոնի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Միջոցառման մանրամասները՝ NEWS.am STYLE-ի տեսանյութերում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE