Ինչպես կինը հրաժարվեց քաղաքակիրթ կյանքից՝ սիրելիի հետ ջունգլիներում ապրելու համար

18:23   8 նոյեմբերի, 2017

Յոթ տարի առաջ ամերիկուհի Միրիամ Լենսվուդը կայացրեց իր կյանքի ամենակարեւոր որոշումներից մեկը՝ նա հրաժարվեց քաղաքակիրթ կյանքից եւ ժամանակակից տեխնոլոգիաներից, նորաձեւ հագուստից ու շպարից եւ սիրելիի՝ Փիթերի հետ մեկնեց Նոր Զելանդիա՝ բնակություն հաստատելով վայրի բնության գրկում:

Միրիամը ստիպված էր ոչ միայն հրաժարվել բուսակերի իր կենսակերպից, այլեւ ձեռքը վերցնել նետն ու աղեղը եւ ինքնուրույն սնունդ որսալ։

Զույգը 3 տարին մեկ է տեսնում մտերիմներին, նրանց հետ նամակագրական կապը պահում է որսորդների միջոցով, իսկ ցրտից ու քամուց պատսպարվում են վրաններում: Նրանք հրաժարվել են հեռախոսներից եւ ժամանակակից տեխնոլոգիաներից, սակայն միակ դժվարությունը համարում են բժիշկների բացակայությունը, եւ ցանկացած հիվանդության դեպքում ինքնուրույն են փորձում վերականգնվել՝ իրենց իսկ պատրաստած դեղորայքների օգնությամբ:

«Առաջին անգամ փորձել եմ որսալ մանգուստի, որին պետք է սպանեի գլխից, սակայն ինձ չհաջողվեց դա անել, եւ ես ստիպված էի տեսնել, թե ինչպես է այդ կենդանին վախեցած աչքերով ինձ նայում: Առաջին երեք ամիսներն առհասարակ դժվար են եղել ուտելիքի պակասի պատճառով: Ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, եւ ես արդեն ցանկանում էի հանձնվել»,-ասում է կինը:

Միրիամն ու Փիթերն աշխատում են միշտ ընդհանուր լեզու գտնել եւ չվիճել, քանի որ քաջ գիտակցում են, որ վայրի բնության մեջ միայն միմյանց ունեն: Այնուամենայնիվ, կինը նշում է՝ չի փոշմանում, որ այսպիսի կյանք է ընտրել:

«Ես հաստատ չեմ ցանկանա ապրել իմ նախկին կյանքով՝ վերադառնալ քաղաք ու աշխատել, ինչպես շատերն են նշում՝ ապրել սովորական կյանքով: Ինձ դուր չի գալիս այդ միատոն գոյությունը, երբ մենք գիտենք ու պլանավորում ենք, թե ինչ պետք է անենք հաջորդ օրը: Այդպիսի կյանքը ղեկավարվում է ժամացույցի կողմից: Զարմանալի է, թե որքան էներգիա մարդ կարող է ստանալ բնությունից: Մեր նախնիներն ապրել են այսպիսի կյանքով, եւ ես կարծում եմ՝ այս կյանքն է մեր բնական վիճակը»,-ասում է Միրիամը:

Ի դեպ, վայրի բնության մեջ ապրող զույգը բացահայտել է նաեւ ձմռանը չմրսելու գաղտնիքը: Նրանք պարզապես մերկ վիճակում նստում են կրակի շուրջ: Ասում են՝ դա իսկապես օգնում է տաքանալ:

«Միակ բանը, որ կարոտում եմ, ընտանիքս է: Երբեմն շատ եմ ցանկանում պատմել նրանց այն հետաքրքիր պատմությունները, որոնք ինձ հետ տեղի են ունենում: Դա փորձում եմ անել գրելու միջոցով, եւ երբ որեւէ որսորդ է հայտնվում տարածքում, անմիջապես նրանց միջոցով նամակս ուղարկում եմ ընտանիքիս»,-ասում է կինը՝ խոստովանելով, որ երբ քաղաք է վերադառնում, մի քանի ժամ է անցկացնում համակարգչի առջեւ եւ միանգամից հրաժարվում է դրանից, որպեսզի այն չկարողանա իրեն կտրել բնությունից.

«Մարդիկ դարձել են ժամանակակից տեխնոլոգիայի ստրուկներ: Իսկ այդ տեխնոլոգիան մեզ կտրում է բնությունից, կարծում եմ՝ այն կառավարում է մեր ուղեղները»,-ասում է Միրիամը, որը մտադիր է, նույնիսկ, գիրք ներկայացնել՝ «Կինն ու վայրի բնությունը» թեմայով:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

 



© NEWS.am STYLE