«Երբ կինը երջանիկ է, նա արդեն գեղեցիկ է». Աննա Թովմասյանը բացահայտում է իր հմայքի գաղտնիքները

12:38   9 նոյեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել հայտնի հայուհիների նրբագեղության եւ գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքները: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Աննա Թովմասյանի հետ, որն այս տարի ամուսնուն՝ Արամեին պարգեւեց փոքրիկ Աննա Մարիային: Զույգի առաջնեկը ծնվել է ամռանը, սակայն կարճ ժամանակահատվածում Աննան կարողացել է վերականգնել իր գեղեցիկ մարմինը, իսկ հմայքի գաղտնիքներով կիսվել է մեր ընթերցողների հետ:

«Վերջին մի քանի տարին առավոտս սկսում եմ մի բաժակ սուրճով, իսկ վերջին մի քանի ամիսը՝ մի հրաշք բալիկով :) Ցերեկվա ժամերին ամեն ինչ ուտում եմ՝ կլինի դա խմորեղեն, թե բարձր կալորիականություն պարունակող այլ ուտելիք, քանի որ օրը դեռ առջեւում է եւ կհասցնեմ մարսել: Իսկ երեկոյան փորձում եմ ավելի թեթեւ սնվել՝ բանջարեղեն, միրգ կամ հյութ»,-ասում է Աննան՝ հավելելով, որ գիրանալու հակում չունի, սակայն փոքրիկի ծնվելուց հետո սկսել է հետեւել սննդակարգին.

«Սիրում եմ ուտել ամեն ինչ, ինչը համեղ է պատրաստված: Քմահաճություններ չունեմ սննդի հետ կապված: Սպորտով զբաղվել շատ եմ սիրում: Հիմա էլ, երբ ժամանակ է լինում, անպայման մարզվում եմ»,-ասում է նա:

Աննայի կարծիքով՝ կնոջը գեղեցիկ զգալու համար անհրաժեշտ է միայն մեկ բան՝ լինել երջանիկ.

«Երբ կինը երջանիկ է, նա արդեն գեղեցիկ է: Այդ ժպիտը, տրամադրությունն ու աչքերի փայլը գեղեցկացնում են կնոջը: Ուզում եմ, որ բոլոր աղջիկները լինեն սիրված եւ երջանիկ: Յուրաքանչյուր հայ կնոջ համար առաջին տեղում ընտանիքն է, բայց մի մոռացեք նաեւ ձեր մասին: Սիրեք ձեզ, հետեւեք ձեզ, զբաղվեք սպորտով, եղեք խնամված: Չէ՞որ բալիկները միշտ հպարտանում են իրենց գեղեցիկ մայրիկով, իսկ ամուսինը՝ հոգատար եւ խնամված կնոջով»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE